ՀՀ վարչապետ. «Հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ հարկային չարաշահումների հնարավորությունն աննշան է, իսկ եթե այդպիսիք կան, ապա հարկման դաշտը փոխելիս դրանք չեն վերանում» :
ՀՀ կառավարությունը մերժել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոնդ
Մարուքյանի կողմից «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը` համարելով աննպատակահարմար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջից:
Փետրվարի 21-ին կայանալիք կառավարության նիստում կքննարկվի նաեւ այս հարցը: Էդմոնդ Մարուքյանը կառավարությանն առաջարկել էր շրջանառության հարկ վճարող չհամարել հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող այն կազմակերպություններին, որոնց կողմից մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը նախորդ օրացուցային տարվա ընթացքում գերազանցել է 58,35 միլիոն դրամը:
Կարդացեք նաև
Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որը օրենքով սահմանված կարգով կառավարության ղեկավարին էր ուղարկել Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը, Տիգրան Սարգսյանը պատասխան նամակով գրել է. «Հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ հարկային չարաշահումների հնարավորությունն աննշան է, իսկ եթե այդպիսիք կան, ապա հարկման դաշտը փոխելիս դրանք չեն վերանում :…… Շրջանառության հարկի ներդրման նպատակը եղել է ոչ թե հարկային չարաշահումները կանխելը, այլ հարկման պարզ ընթացակարգերի ներդրումը այն տնտեսավարող սուբյեկտների համար, որոնք չունեն հարկերը ինքնուրույն հաշվարկելու բավարար կարողություն: Այս իմաստով, գտնում ենք, որ հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները, որոնք այլ անձանց մատուցում են մասնագիտացված հաշվապահական ծառայություններ, պետք է ունենան հարկերը հաշվարկելու եւ հաշվապահական հաշվառում վարելու բավարար կարողություններ, եւ այդ տեսանկյունից, նրանց շրջանառության հարկի դաշտում ներգրավելը նպատակահարմար չէ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ