Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդների գնահատականը հնարավոր է փոխվի՝ խուճապից հետո (Տեսանյութ)

Փետրվար 19,2013 17:00

Միջազգային դիտորդական առաքելությունը ստեղծված խառնաշփոթից հետո պատասխանեց լրագրողների հարցերին

«Ընտրացուցակների բարելավում նկատեցինք, ընտրությունները լավ էին վարչարարված, բայց մենք ընդհանուր առմամբ նաեւ նշում ենք, որ վարչական ռեսուրսի չարաշահում է  եղել: Հանրային աշխատողները արձակուրդ էին վերցրել, որ մասնակցեին ընտրություններին, բայց ընդհանուր առմամբ օգտագործում էին իրենց պաշտոնը»,- այսօր «Մարիոթում» միջազգային դիտորդները հրավիրած ասուլիսում ստեղծված խառնաշփոթից հետո շարունակում էին նման գնահատականներ տալ՝ ասելով, թե թեկնածուները լուսաբանվել էին բավականաչափ հավասարակշռված կերպ:

Նրանք մի բան էլ ընտրողներին փնովեցին, թե կարելի էր ավելի լավ կազմակերպել, որ ընտրողներն ավելի բանիմաց լինեին:

Այնուհետեւ նրանք փորձեցին պատասխանել հարցերի:

Aravot.am-ը դիտորդներից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, թե ինչ խուճապ էր այստեղ մի քանի րոպե առաջ, եթե քաղաքացիները, որոնք ակցիա էին անցկացնում, գրավոր ձեզ ներկայացնեն, թե ինչ են իրենք կարծում եւ ինչ էին պահանջում, արդյոք ձեր այսօրվա գնահատականները դրանից կփոխվեն, հնարավո՞ր է, որ երբ հասկանաք՝ ինչ էր կատարվում՝ փոխեք ձեր այսօրվա գնահատականները գլխիվայր: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հիլդա Թալյավինին պատասխանեց. «Անշուշտ, մենք կպատրաստենք վերջնական զեկույց, որը հաշվի կառնի հետագա զարգացումները եւ դրանց վերաբերյալ նոր բան կպատրաստվի»:

Մի լրագրող հետաքրքրվեց՝ ՀՀ գործող նախագահը, որն ասում է՝ ինչքան թիվ ասեք՝ կխփենք, ինչպե՞ս եք գնահատում նման արտահայտությունը գործող նախագահի կողմից, որից երեւում էր, որ նախագահը ընտրությունների արդյունքները դիտարկում է որպես իր որոշելիքը: Դիտորդները պատասխանեցին՝ «Կարեւորը՝ ընտրողների կամքի արտահայտությունն է՝ քվեարկության օրը: Ուստի, թե ինչ է ասել նախագահը՝ իր պատասխանատվությունն է: Սա ընտրարշավ է: Մենք ունենք որոշ քաղաքական գործիչներ, որոնք այդ հարցին ավելի լավ կպատասխանեն»:

Ձեր զեկույցում կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ բոլոր ընտրատեղամասերում ուներ վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամ, եւ հնարավոր էր՝  այդ ընտրատարածքներում են խախտումներ շատ եղել: Դիտորդները հորդորեցին հարցն ուղղել թեկնածուին. «Այդ հարցը մեզ չպետք է հասցեագրվեր, այլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մենք այստեղ չենք ասելու, թե ինչ անել, թե ինչ չանել»:

Հարցին՝ ինչու այս անգամ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանդես եկավ առանձին հայտարարությամբ՝  դիտորդները վստահեցրին, որ միասին են հանդես եկել, եւ եթե անգամ երկու մամուլի ասուլիս են տալիս, միասնական են իրենք եւ շատ սերտորեն համագործակցում են:

Հարցին, դուք իսկապե՞ս չէիք իմանում, չե՞ք տեսել այն բազմաթիվ տեսանյութերը խախտումների, այդ ամենը, դուք դա իսկապե՞ս համարում եք դեմոկրատիա, մեզ նման դեմոկրատիա պետք չի: Դուք չե՞ք տեսել որեւէ ապացույց, որեւէ տեսանյութ, որեւէ բան՝ դիտորդները վստահեցրին. «Չենք տեսել որեւէ տեսանյութ, որեւէ փաստաթուղթ չենք ստացել»: Հարց տվողը խոստացավ ուղարկել լինքերը նրանց մեյլերին:

Այսքանից հետո միջազգային դիտորդները մաղթեցին մեզ բոլորիս սքանչելի երեկո:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728