Հարսին խոշտանգած սկսեուրին 1 տարի ազատազրկումը պահանջում են դարձնել 5 տարի, իսկ սկեսուրի կողմն էլ պահանջում է՝ այդ 1 տարին էլ չեղյալ համարել
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում աղմկահարույց պատմության` հարսին` Մարիամ Գեւորգյանին խոշտանգած, պատառաքաղով ծակծկած, արդուկով այրած ու պարբերաբար դաժան ծեծի ենթարկած սկեսուրի` Հայկանույշ Միքայելյանի գործով քրեական բողոքն էր քննվում:
Ըստ այդ վերաքննիչ բողոքի, այսպես ասած, խոշտանգված հարսի կողմը պահանջում է ամբաստանյալ Հայկանույշ Միքայելյանի պատժաչափը, որ ներկայումս մոտ 1 տարի է, ավելացնել եւ առավելագույն պատժաչափ տալ`5 տարի, չկիրառել համաներում եւ բավարարել քաղաքացիական հայցը` 17 միլիոն 350 հազար դրամ փոխհատուցման վճարը: Ամբաստանյալն էլ պահանջում է կիրառել համաներում եւ ազատել պատժի կրումից:
Այս անգամ էլ դատարանի դիմաց Հայկանույշ Միքայելյանի հարազատները կրկին պաստառներով կանգնել էին, սակայն այս անգամ, ի տարբերություն առաջին ատյանի դատական նիստերի, նախկին խնամիները հանգիստ էին եւ փոխադարձ վիրավորանքներ չհնչեցրին միմյանց հասցեին:
Կարդացեք նաև
Ամբաստանյալի հարազատների այս հանգստությունը խաթարվեց, երբ դատարանի աշխատակիցները հերթով ներս էին թողնում կողմերի հարազատներին: Դատական նիստն արդեն սկսել էր, դատավորը վարում էր նիստը, սակայն դատարանի միջանցքում աղմուկ-աղաղակ էր. Հայկանույշ Միքայելյանի կողմնակիցները դժգոհում էին, որ իրենց ներս չեն թողնում, նիստերի դահլիճում այլեւս տեղ չկա նստելու. «Բա ո՞նց եղավ, որ էն մյուս կողմի համար տեղ կա, մեր համար չկա, ինչի առաջինն իրանց ներս թողեցիք, հավասար բոլորիս ներս թողնեիք»: Նիստերի դալիճում, իհարկե, ամբաստանյալի ներկայացուցիչներն էլ ներկա էին, սակայն ավելի քիչ էին, քան Մարիամի հարազատները:
Ամբաստանյալի փաստաբանը նիստին ներկա չէր, եւ քանի որ Հայկանույշ Միքայելյանը նշեց, որ դատավորի հարցերին ուզում է պատասխանել իր փաստաբանի ներկայությամբ, ուստի դատավորը գործի քննությունը հետաձգեց մինչեւ մարտի 1-ը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ