Ըստ Panorama.am-ի, միջազգային լրատվամիջոցները անդրադարձ են կատարել Հայաստանում փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին:
Al jazeera լրատվական գործակալությունը, անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներին, նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել, վերջինս պնդում է, որ ինքն է իրական հաղթողը և կոչ արել հաղթող թեկնածու Սերժ Սարգսյանին ընդունել պարտությունը:
BBC– լրատվական գործակալությունն էլ թեմայի առնչությամբ նշել է, որ ընդհանուր բոլոր ընտրատեղամասերի ձայների հաշվարկի համաձայն` Սերժ Սարգսյանը մոտ 59 տոկոս ձայն է հավաքել, իսկ նրա ամենամոտ կանգնած մրցակից` Րաֆֆի Հովհաննիսյանը` մոտ 37 տոկոս:
Աղբյուրը նաև նշել է, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) անցած ամիս իր խորը մտահոգությունն էր արտահայտել այն բանի շուրջ, որ խոշոր կուսակցությունները, ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բացակայության պատճառով, չեն առաջադրել իրենց թեկնածուներին:
Կարդացեք նաև
BBC-ի փոխանցմամբ, այս տարվա ընտրություններում գլխավոր թեման տնտեսությունն է եղել:
«Չնայած Հայաստանի տնտեսութունը 2012թ. մոտ 7% աճ է գրանցել, գործազրկությունը, 16 տոկոս է կազմում, իսկ երկրի բնակչության 30 տոկոսից ավելին աղքատության եզրին է: Պետությունը դժվարանում է հաղթահարել աղքատության խնդիրը: Պատճառների մեկն այն է, որ երկիրը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առևտրային շրջափակման մեջ է գտնվում»,- նշում է BBC-ն:
«Reuters»-ը լրատվական գործակալությունն էլ անդրադառնալով ընտրություններին, նշել է, որ ըստ ոստիկանության տվյալների`քվեարկության ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ առնվազն 70 հաղորդագրություններ է ստացվել:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկված քվեաթերթիկներից շատերն անվավեր են ճանաչվել, սակայն կուսակցությունը չի նշել, թե պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները:
Փետրվարի 18-ի ՀՀ-ում կայացած նախագահական ընտրություններին են անդրադարձել նաև` Washington Post, Eurasia Net, The Herald, Global Post, The Guardian, Voice of Armenia և այլ մի շարք միջազգային լրատվամիջոցներ: