ՀՀ նախագահական ընտրություններից առաջ ՀՀ ոստիկանությունում ստեղծվել էր օպերատիվ շտաբ: Այսօր շտաբն ամփոփեց իր կատարած աշխատանքները:
Գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գնահատմամբ, աննախադեպ էր նախագահական ընտրություններին ոստիկանության նախապատրաստական փուլը, աննախադեպ էր նրանով, որ չմնացին հարցեր, որոնք չստանային իրենց պատասխանները:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը տեղեկացրեց իրենց կատարած աշխատանքները առանձին ոլորտների ուղղությամբ: Մասնավորապես, ռեգիստրի, կիսակառույցներում հաշվառված անձանց, ընտրացուցակների ճշգրտման, մեկ հասցեում տասից ավելի անձանց , արտերկրում գտնվողների հետ կապված:
Ըստ Ա. Օսիկյանի, կիսակառույց շինություններում եղել են 20 000 քաղաքացի, հիմնականում աղետի գոտու բնակիչները:Ոստիկանությունը պարզել է, թե ովքեր են եղել հաշվառված, հաշվառվածներից որքանն են ստացել պետությունից բնակարաններ: Դրանից հետո տվյալները համադրվել են եւ ըստ պարոն Օսիկյանի, արդյունքում՝ 19 000-ը վերահաշվառվել են:
Կարդացեք նաև
1890 մահացածների դեպքերով ոստիկանությունը հայտնաբերել էր, որ ռեգիստրում իրազեկված չեն, քանի որ հարազատները պատկան մարմիններին չէին հայտնել այդ մասին:
Ինչ վերաբերում է անձնագրերի եւ վիզաների վարչությունում ձեւավորված թեժ գծին, պարզվեց, որ հունվարի 9-ից մինչեւ փետրվարի 14-ը 190 զանգ է ստացվել:
Դրանցից միայն 4-ն է համապատասխանել իրականությանը:
Ըստ պարոն Օսիկյանի, ընտրացուցակները «իդեալականին մոտ են եղել», եւ այդ մասին, ի դեպ, նաեւ նկատել են միջազգային դիտորդական կազմակերպությունները:
Միայն այն, որ 12 տեղեկանք է տրվել ոստիկանության կողմից ցուցակներում ընդգրկվելու համար, որից 6-ը՝ հյուպատոսականի հետ էր առնչվում, դրա վառ ապացույցն է:
Ոստիկանության օպերատիվ շտաբի պետ, գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի տեղեկացմամբ էլ, քննվել է 96 դեպք, որից 63-ը՝ ընտրակշառքի վերաբերյալ: Ի դեպ, 45 ահազանգ ստացվել էր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից:
96 դեպքից ըստ Վ.Եղիազարյանի, 10 նյութ է նախապատրաստվել, 30-ով կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Վ.Եղիազարյանը տեղեկացրեց, որ թեժ գիծ էր գործել նաեւ միջազգային դիտորդական կազմակերպությունների համար էլ, սակայն նրանցից որեւէ ահազանգ չի ստացվել:
Գնդապետ, ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանն անդարադարձավ տեղեկատվության տրամադրմանը, նաեւ լրագրողների դեմ տեղի ունեցած ոտնձգություններին ու այդ գործերի ընթացքին:
Լրագրողների դեմ 4 դեպք է գրանցվել՝ Էրեբունի համայնքում, լրագրող Մարինե Խառատյանի, Գայանե Սարիբեկյանի նկատմամբ, « Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ՝ Մալալթիա համայնքում, եւ Էլմիրա Մարտիրոսյանի նկատմամբ՝ Արտաշատում:
Ի դեպ, պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ սպասում են Հ.Ջեբեջյանին, որպեսզի բացատրություն վերցնեն նրանից: Մյուս գործերը նախապատրաստման փուլում են:
Ցուցադրվեցին ոստիկանության պատրաստած տեսանյութերը, երբ հիմնականում տարեց քաղաքացիները, հետագայում հրաժարվել էին իրենց հայտնած տեղեկատվությունից, ինչը լրագրողական լսարանի կողմից ընկալվեց ոստիկաններից վախի հետեւանք: Սակայն ոստիկանության իրավաբանական վարչության պետն ասաց, թե պետք չէ վախենալ իրենցից, իրենք՝ գործընկերներ են:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ