Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ժողովրդավարության ճանապա՞րհն է բռնել

Փետրվար 19,2013 16:11

«Ժողովրդավարությունը մի բան է, որը ժամանակ է խլում: Ժողովրդավարության հասնելու համար ժամանակ է պետք: Հայաստանը զարգացման ճիշտ ճանապարհին է»,- ասաց Փոլ Քիտչը, որը Մեծ Բրիտանիայի Լիբերալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է պառլամենտում:

Այսօր «Ազատ հասարակական ինստիտուտ» հ/կ-ի հրավիրած մամլո ասուլիսին, Լորդ Քրիս Ռենարդը, որը Մեծ Բրիտանիայի ներկայիս Լիբերալ Դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկն է, ասաց. «Ընտրություններն իրականանում էին ՀՀ օրենսգրքի սահմաններում, բոլոր խախտումների մասին արձագանքում էին եւ լուծում տալիս դրանց»:

«Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Էդգար Հակոբյանը բացման խոսքում մասնավորապես ասաց. «Ազատ հասարակության ինստիտուտ ՀԿ-ն 2004 թվականից բոլոր համապետական ընտրությունների ժամանակ իրականացնում է դիտորդական առաքելություն: Բացառություն չի կազմում նաեւ 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունները, որոնց մենք հավատրմագրել ենք 1468 դիտորդի: Ցանկանալով հնարավորինս բազմակողմանի գնահատական եւ տեսակետներ ունենալ 2013թ. ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ, մենք Հայաստան ենք հրավիրել մեր գործընկերներին Մեծ Բրիտանիայից, որոնց կազմում են՝ լորդերի պալատի եւ համայնքների պալատի գործող անդամներ, քաղաքական հայտնի գործիչներ եւ առաջատար լրագրողներ: Մեր գործընկերները ուսումնասիրել են նախընտրական քարոզարշավի ընթացքը, հանդիպել են թեկնածուների եւ իրենց շտաբերի հետ: Ընտրության օրը շրջել եւ ընտրատեղամասերում անձամբ հետեւլ են ընտրական գործընթացի կազմակերպմանն ու անցկացմանը»:

Փոլ Քիտչը, որը Մեծ Բրիտանիայի Լիբերալ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է պառլամենտում, համեմատելով նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում նշեց. «Մեծ Բրիտանիայում, ի տարբերություն Հայաստանի, կուսակցություններն իրենք են առաջադրում նախագահի թեկնածուին. վստահված անձանց ներկայությունը արգելված է: Իսկ Հայաստանում բոլոր տարածաշրջաններում թեկնածուների մեծ մասն ունեին իրենց վստահված անձը, որը նույնպես հետեւում էր ընտրության ընթացքին»:

Այն հարցին, թե ի՞նչ օրինախախտումներ են իրենք նկատել ընտրության ընթացքին հետեւելիս, Սեր Նիք Հարվին, որ Մեծ Բրիտանիայի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության անդամ է, պատասխանեց. «Մեր աշխատանքը Հայաստանում ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացմանը հետեւելն է, իսկ օրինախախտումներին պետք է արձագանքեն տեղի իրավապահ մարմինները»:

Մեծ Բրիտանիայի Աշխատավորական կուսակցության անդամ Ժիզել Ստյուարտի խոսքերով. «Միայն այն ծավալը, որով ԶԼՄ-ները լուսաբանում էին ընտրությունների ընթացքը եւ այն լրջությունը, որով քաղաքացիները վերաբերում էին ընտրությանը, վկայում է գնալով զարգացող եւ ժողովրդավարական երկրում ապրող հասարակության մասին»:

Աննա ԹԱՄԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728