Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Հարությունյան. Ազատության հրապարակն ազատ էր

Փետրվար 19,2013 16:07

Նկարիչը հայտարարում է, որ թեկնածուների հանդիպումները «դահլիճային» էին

«Ես գտնում եմ, որ ընտրություններ չեն եղել, դրանք ընդամենը ներկայացում էին, թատրոն, որովհետեւ ընտրություններին մասնակցել են որոշ մարդիկ, որոնք ընդհանրապես չկան դաշտում…Ու քանի որ պիտի ցույց տային, թե մրցակցություն կար ընտրություններում, էդ ամենը ներկայացման պես կազմակերպեցին: Ընդ որում՝ նախագահի ոչ մի թեկնածու նորմալ միտինգ չարեց, չլսեց ժողովրդին, հիմնականում դահլիճներում կազմակերպված հանդիպումներ էին…Ես սա ասում եմ որպես նկարիչ: Չտեսա ոչ մի կոնկրետ առաջարկ, միջոցառում, բանավեճ: Ժամանակ կար, որ ասում էին, թե ընդդիմությունը մոնոպոլիա ունի, չի հանդուրժում ուրիշ ուժի: Այդ դեպքում քարոզարշավի օրվանից սկսած մինչեւ «Լռության օրվա» նախորդող օրը ինչո՞ւ էր Ազատության հրապարակը ազատ: Ոչ մեկը միտինգ չարեց, ոչ մի թեկնածու իր կարծիքը չհայտնեց, չցանկացան լսել ժողովրդի ձայնը, որը շատ կոնկրետ է ու պահանջատեր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ):

Նա հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի քայլը որակեց իբրեւ պրոյեկտ, իսկ Պարույր Հայրիկյանի պահվածքը՝ առեւտուր. «Թեկնածուներից մեկը հացադուլ է անում իր գովազդի համար, մյուսը՝ առեւտուր, իսկ այդ ընթացքում ժողովուրդը դուրս է գալիս: Անգամ ընտրության օրը 100-ավոր մարդիկ հեռացել են երկրից: Դա ազդանշան է, որ հույս չկա, ակնկալիքներ չունեն, ժողովուրդը ոչնչի չի հավատում»:

Խոսելով մեծաթիվ եվրոպացի եւ ԱՊՀ դիտորդների մասին, Վահրամ Հարությունյանը նշեց, որ նրանք համընդհանուր բեմականացման մասնակից են՝ դերասան, ռեժիսոր կամ սցենարիստ: Նրա ձեւակերպմամբ, կայսրությունները փոքր երկրների հանդեպ միշտ էլ նման քաղաքականություն են բանեցրել. «Երբ ուրիշ երկրում մի բան է լինում, մեծ արձագանք է ստանում: Մեզ մոտ 10 անգամ ավելի վատ բան է լինում՝ ոչ մի արձագանք: Օրինակ՝ անձնագրերում դրված կնիքները համատարած մաքրվում էին, եթե մի դեպք լիներ, կարելի էր համարել, որ նորմալ է եւ այդ փաստը չի կարող ստվերել ընտրությունները, մինչդեռ կնիքների ջնջվելը զանգվածային բնույթ էր կրում: Ու դա բավական էր, դիտորդները չեղյալ հայտարարեին ընտրությունները, որովհետեւ ամեն մարդ կարող է մաքրել եւ հարկ եղած դեպքում կրկնակի քվեարկել: Ընդհանրապես վերջին 10 տարիներին իշխանությունը վարպետ է կեղծելու մեջ…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728