Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների արդյունքները՝ ընտրություններին չմասնակցած ուժերի գնահատմամբ

Փետրվար 19,2013 15:52

«Մեկ անգամ ևս, կրկին, նորից ընտրությունները կեղծվել են ու դրա մասին բոլորս գիտեինք: Քանի դեռ ՀՀ-ում գործում է ռեժիմը, ազատ, արդար ընտրություններ չեն լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը: Այնուհետև հավելեց. «Դրա ականատեսը ոչ միայն մենք ենք, հանձնաժողովների անդամները, լրատվամիջոցները, այլև՝ ժողովուրդը: Իրավիճակային երևույթը, որ  փաստ է և ունի ականատեսներ, ավելի վեր է կանգնած գնահատականներից, քանի որ փաստը չեն գնահատում, այլ արձանագրում են: Արձանագրեք, որ ընտրությունները կեղծվել են: Կեղծվել են անամոթաբար, վայրագ: Եվ սա համարվում է  ազգային դավաճանություն, հանցագործություն, որի համար պատասխանատուները պետք է շուտափույթ հեռանան ու իրավական կարգով պատասխանատվության  ենթարկվեն»:

Տիկին Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ ընտրությունների օրը ՀԱԿ 25 անդամներ մոնիտորինգ են իրականացրել, որի արդյունքում շուտով հանդես կգան հայտարարությամբ:

ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը այլ կարծիքի է: Նա փոխանցեց հետևյալը. «Չեմ տեսել մի իրավիճակ, որ թեկնածուներից  որևէ մեկի համար խոչընդոտներ ստեղծվեին: Կարծում եմ, որ օբյեկտիվության առումով ընտրությունն ընթացել է ինչպես որ պետք է ընթանար: Արդյունքների վերաբերյալ առավել ևս այդ կարծիքին եմ, քանի որ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը թեկնածուներ էին, և խոշոր առումով գոնե մեր քաղաքական ուժերը այս պահին  ներկայացվածություն ունեին: Գոնե նշված անձերի կտրվածքով տարբեր մակարդակներ ներկայացված էին: Բայց բոլորս համոզված էինք, որ ՀՀ նախագահի պաշտոնը վերստին կվստահվի գործող նախագահին այնքանով, որքանով նա ամբողջ ազատականացման գործընթացի ակտիվ մասնակից է եղել և վաստակ ունի այդ առումով»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ այս կապակցությամբ ասաց. «ՀՀ ընտրազանգվածի 80 տոկոսն իր տրամադրություններով ընդդիմադիր էր, բայց գաղափարներով այդքան էլ լավ չէր ըմբռնում այդ ընդդիմադիր լինելու գաղափարի էությունը: Ընտրություն չկար երկու գաղափարական ծրագրերի միջև: Ընտրություն կար շատ վատ սոցիալական վիճակի, ոչ հավասար տնտեսական մրցակցության, արտագաղթի և ինչ-որ մի հնարավոր այլընտրանքի միջև: Բնական է, որ այս կարգավիճակում այս ձայների տեղաբաշխումը միանգամայն տրամաբանական էր: Այլ բան է, որ ՀՀ-ում արդեն ընդդիմությունը վաղուց իր գաղափարախոսությունը չի կարողանում հասցնել ժողովրդին, քանի որ ժողովրդի օրակարգում չկա ալտերնատիվ գաղափարախոսության խնդիր, ուղղակի ուզում են իրենց վիճակի փոփոխություն: Ընտրությունների արդյունքները  ցույց են տալիս, որ որոշակի կոնստրուկտիվ գաղափարախոսության դեպքում ընդդիմադիր դաշտը կարող է ավելի կազմակերպվել  ու միասնական ներկայանալ:Դա մեծապես կախված է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերից, թե ինչպես կուղղորդի իրեն վստահած ընտրազանգվածը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728