Քաղաքացիները միջազգային դիտորդների ասուլիսն ընդհատեցին ակցիայով
Եվրոպական դիտորդների ասուլիսն ընդմիջեցին մի խումբ քաղաքացիներ՝ ցուցապաստառներով ու սկսեցին հայտարարություն կարդալ: Նրանք բռնեցին դիտորդների ձեռքը եւ համարյա դուրս էին վռնդում տարածքից: Նրանք պահանջում էին դիտորդներին դադարեցնել այդ խեղկատակությունը եւ չլեգիտիմացնել մեր ընտրությունները, որոնք անցան բազմաթիվ ընտրախախտումներով: Այս պահին Մարիոթում պարզապես շոկային վիճակ է: Կատարվածը մեծ խուճապ առաջացրեց տարածքում:
Դիտորդները հայտարարում էին, թե «Առաջընթաց ենք նկատել, ինչպես ԶԼՄ միջավայրն է բարելավվել, խոսքի ազատություն կա: 64 տոկոս մասնակցությունը ապացուցում է, որ մարդիկ կամք են դրսեւորել՝ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու: Բարելավումների կարիք կա ընդհանուր նկատամբ ընտրական գործընացների: Սահուն անցան ընտրությունները» եւ նման արտահայտություններ: Դիտորդները հայտարարում էին նաեւ, որ «մրցակցություն կար, իրոք, թեկնածուները մրցում էին, հաղթողը ստացավ 56 տոկոս, երկրորդ տեղը՝ 36: Հենց սա է կոչվում մրցակցություն»:
Երբ հետաքրքրվեցինք, թե ո՞վ է ակցիայի կազմակերպիչը՝ ակտիվիստները պատասխանեցին՝ ՀՀ քաղաքացիներ. «Հերիք է արդեն, զզվացրի՛ն բոլորը»:
Այս պահին դիտորդները հեռախոսով պատմում են, թե ինչ կատարվեց քիչ առաջ: Ամեն մեկը պատմում է՝ ինչպես հասկացել է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ