Լրահոս
Օրվա լրահոսը

Վերելակի դերն ու նշանակությունը… ընտրություններում

Փետրվար 19,2013 15:25

Մեր իրականության մեջ վերելակը վաղուց դարձել է քաղաքական գործիք: Սա առաջին հայացքից կարող է տարօրինակ ու անհեթեթ թվալ, բայց քաղաքի ծայրամասերում, օրինակ՝ Նոր Նորքում այդպես է, ու բնակիչներն արդեն չեն զարմանում դրա դրսեւորումներից, ու օրինաչափ են համարում: Այստեղ ՏԻՄ, ԱԺ, նախագահական ընտրություններից առաջ սկսում են վերելակների կոսմետիկ վերանորոգումները:

Օրինակ, տարիներ առաջ, բնակիչների բազմաթիվ բողոքներն արհամարհելուց հետո,  թաղապետի ընտրության նախօրյակին միայն հիշեցին, որ մեր 16 հարկանի շենքի (Մառի 12) վերելակները բարվոք վիճակում չեն՝ մարդատարը չէր աշխատում, բեռնատարն էլ օրումեջ փչանում էր, ու փոքր վերելակը վերանորոգեցին, իսկ մեծն էլ  «սիրունացրին»՝ պատերը լամինատապատեցին, հատակին նոր լինոլեում փռեցին:  Իհարկե, շենքի բնակիչների ուրախությունը երկար չտեւեց, բայց առջեւում էլի ընտրություններ կային…

Երեկ դարձյալ փչացավ մեր շենքի փոքր վերելակը, որը վերջին տասն օրում այնպիսի աղմուկով էր աշխատում, որ շատերը վախենում էին օգտվել: Իսկ մեծ վերելակը արդեն մի քանի տարի է՝ չէր աշխատում: Համենայնդեպս՝ բնակիչներս այդպես գիտեինք ու ամեն անգամ իրեր տեղափոխելիս վերելակը սպասարկողին հատուկ վերաբերմունք էինք ցույց տալիս, որպեսզի նա «ձեռքով աշխատեցնի» այն: Բայց, ինչպես ասում են՝ «պրոբլեմ չկա», քանի որ երեկ ՀՀ նախագահի ընտրություն էր. իսկույն միացվեց մեծ վերելակը, որպեսզի ազգը կարողանա «ճիշտ» ընտրություն կատարել:

Ցավալին, սակայն, այն էր, որ ժամը 23-ի մոտակայքում, երբ ընտրությունը  չէր հասցրել նույնիսկ իրողություն  դառնալ, հայտնաբերեցինք, որ վերելակը դարձյալ անջատված էր, ու բնակիչներին ոչինչ չէր մնում, քան ապավինել սեփական ոտքերին:

Այսօր՝ ապահով Հայաստանում, առավոտյան աշխատանքի շտապելիս, երբ ոտքով իջնում էի 9-րդ հարկից, ակամա լսում էի շենքի բնակիչների խոսակցությունները: «Զզվեցինք, էլի, ինչքան  կարելի է»,- լսվում էր վերեւից, ներքեւից էլ դժգոհում էին՝ «Բա էդքան փող էին բաժանել, հո չէի՞ն թողնելու, որ գնար կորչեր. ով հավես ուներ 16 հարկ ոտքով  իջներ-բարձրանար՝ ինչ է թե ընտրության են գնում»:

Հիմա ինձ կհարցնեք՝ էս ամենը պատմում ես, որ ի՞նչ անես: Պատասխանեմ՝ ոչինչ: Որովհետեւ, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու, եւ վերելակը շարունակելու է մնալ քաղաքական գործիք, քանի դեռ «խիյարը թարս է բուսնում»:

Անժիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728