«Ընտրությունները ցույց են տալիս, որ ֆորմալ պահանջների կատարման առումով ահագին առաջադիմել են հեռարձակվող լրատվամիջոցները, մոտենալով միջազգային նորմերին, սակայն խնդիրները մնում են բովանդակային»,-այսօր Aravot. am-ի հետ զրույցում նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
ՀՀ 2013թ. նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հաշվետվության համաձայն, հետազոտության օբյեկտ են հանդիսացել 6 համազգային հեռուստաալիքներ՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիք /Հ1/, «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», Հայկական 2-րդ հեռուստաալիք /Հ2/, «Շանթ», 1-ին մայրաքաղաքային հեռուստաալիք՝ «Արմնյուզ», ինչպես նաեւ Հայաստանի հանրային ռադիոն եւ «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:
Հետազոտված 9 ԶԼՄ-ների հատկացրած եթերաժամանակի ծավալով իրար մոտ էին Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի, «Ժառանգություն» եւ «Ազատություն» կուսակցությունների առաջնորդներ՝ համապատասխանաբար Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի ցուցանիշները:
Բորիս Նավասարդյանի պնդմամբ՝ չկա խորություն ընտրական գործընթացների, ծրագրերի լուսաբանման հարցում: Դա պայմանավորված է նրանով, որ տեղի չեն ունենում նախընտրական բանավեճեր: Լրատվամիջոցները չեն փնտրում այլ ձեւեր վերլուծելու, համեմատելու, ներկայացնելու համար տարբեր ծրագրեր.
Կարդացեք նաև
«Բոլոր ընտրություններից սա ամենաանհետաքրքիրն էր, քանի որ քաղաքական դաշտում տեղի էին ունենում քողարկված գործընթացներ, հզոր ուժերից ոմանք դուրս էին մրցադաշտից: Մարդկանց մատուցվեց այլընտրանքային ընդդիմություն, ժամանակն էլ կարճ էր, որպեսզի մարդիկ կարողանային գնահատել, թե ինչքանով է այդ ընդդիմությունը դրական: Քաղաքական դաշտը ինչ- որ տեղ մաքրվել է, հնարավորություն կար պոտենցիալ քաղաքական ուժերին, ովքեր որ ճնշված էին հիմնական խաղացող կողմերից ներկայանալու հանրությանը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ