Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչը՝ ԿԸՀ-ի «նկարչության» մասին. Նախօրոք էսքիզ էր արված, հետո գույներն ավելացրին

Փետրվար 19,2013 14:55

Ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ) Aravot.am-ի հետ զրույցում ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքների մասին խոսելիս դրանք որակեց վատորակ նկարչություն. «Անհաջող են նկարում ու ԿԸՀ-ի նկարը ոչ միայն ժողովրդի, այլեւ իրենց վրա է վատ անդրադառնում: Նկար կա, որ նկարիչը նկարում է, ու մի 100 տարի է հարկավոր լինում, որպեսզի հասկացվի դրա ուժը կորցրած լինելը, ու մարդիկ չցանկանան այն ինչ-որ տեղ կախել: Իսկ լավ նկարը անգամ մի տեղ նետեն, էլի չի կորչի, մեկը կվերցնի: ԿԸՀ-ի արած նկարը պրիմիտիվ է, բավական չէ առաջին օրից կորում է, դեռ մի բան էլ ե՛ւ իրենց, ե՛ւ ժողովրդի գլխին է «ջարդվում»:

Նկարիչը հայտարարում է, որ ՀՀԿ-ական գործիչների ֆեյսբուքյան եւ այլ հայտարարությունները ձեւական բնույթ են կրում, մանավանդ. «Հաշվարկը, թվերը ամեն ինչ նախապես պատրաստված էր, նախօրոք էսքիզ էր արված, հետո վերջում գույներն ավելացրին, որ դառնա նկար: Ախր ընտրող չի եղել, մարդիկ չեն գնացել, ընտրական տեղամասի մոտ մեկ ժամ կանգնած եմ եղել, չի կարող օդից հանկարծ 1000 մարդ «բուսնել», ժամանակ կա, րոպե կա…»:

Վահրամ Հարությունյանը փաստում է, որ այն ընտրական տեղամասում, որտեղ մշտապես ինքը ընտրում է, ընտրությունների օրը համարյա մարդ չի եղել, մինչդեռ նախկինում ճեմասրահից սկսած հերթեր էին. «Աշոտյանն ու մյուսները ինչքան էլ ելույթ ունենան, ուղղակի ներկայացում են խաղալու, ինչից ժողովուրդն ավելի է ջղայնանում: Ժողովրդին չես կարող խաբել, ինքը գիտի, որ չի գնացել ընտրության, բայց հայտարարում են, թե ակտիվ մասնակցել է…Մարդիկ գնացել են ու քվեաթերթիկի վրա գրել «Լեւոն նախագահ» կամ մի ուրիշ բան, անգամ մի երիտասարդ կերել է իր քվեաթերթիկը…Մի խոսքով, ժողովուրդն ինքնաբուխ ակցիա է անում, դրանից պետք է համապատասխան հետեւություններ անել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բացի խորը ցավից,՝ ոչ մի խոսք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728