Ընտրությունը դիտարկող «Թրանսփարեսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, «Իրավունք Եվրոպա» կազմակերպության անդամները, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցն այսօր «Մեդիա» կենտրոնում ներկայացրեցին բոլոր այն ընտրախախտումները, որոնք արձանագրել են երեկ ՀՀ-ում անցկացվող նախագահական ընտրությունների ընթացքում:
«Մենք մտահոգություն ունենք, որ հերթական անգամ միջազգային դիտորդները չեն ներկայացնի այն օբյեկտիվ գնահատականները և իրական պատկեր, այդ իսկ պատճառով մեր կազմակերպության կողմից դիտորդական առաքելություն իրականացնող մարդիկ, ովքեր իրենց առաքելությունն էին իրականացնում շուրջ 50 տեղական ընտրական հանձնաժողովներում Լոռվա և Տավուշի մարզերում, արձանագրել են արդյունքներն ու ընտրախախտումները»,-ասաց Արթուր Սաքունցը:
Ըստ Սաքունցի փոխանցման՝ Վանաձոր քաղաքում իրենց դիտորդական առաքելություն իրականացնող անձինք արձանագրել են լցոնման դեպքեր, քվեարկության գաղտնիության իրավունքների խախտումներ, ուղղորդման գործընթացներ, որտեղ, ըստ Սաքունցի, վախի մթնոլորտն ակնհայտ է եղել:
«Ընտրատեղամասերում առկա էին մարդիկ, ովքեր իրավունք չունեին մնալու ընտրատեղամասերում: Մենք արձանագրեցինք, որ կարող էր նախագահի տեղակալը հրահանգ տար դիտորդին, թե գնա տեղդ նստի: Հանձնաժողովները կանխորոշված էին խախտումները չնկատելու տալ»:
Կարդացեք նաև
Նա նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ ընտրատեղամասերում կային խոշորացույցներ վատ տեսնողների համար, որից կարող էին օգտվել, սակայն իրենք ավելի շատ ականատես են եղել և արձանագրել ուղեկցորդի միջամտության, ընդհուպ մինչև ընտրողի փոխարեն քվեարկության: «Շուրջ քսան-երեսուն նման դեպք ենք գրանցել և արձանագրված դեպքերի վերաբերյալ որևէ քայլ չի ձեռնարկվել»,-ընդգծեց նա:
Հելսինկյան կենտրոնի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ իրենց դիտորդները կարողացել են վերցնել բոլոր արձանագրությունները, չնայած այն հանգամանքին, որ ճնշումներ եղել են դիտորդական առաքելություն իրականացնող անձանց վրա: «55% Րաֆֆի Հովհաննիսյան, 45% Սերժ Սարգսյան. ամբողջ վեց ընտրատեղամասերի գումարի արդյունքն է»,-ասաց Հայաստանի Հելսինկյան կենտրոնի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Իրավունք Եվրոպա» կազմակերպության անդամ Լուսինե Հակոբյանի փոխանցմամբ՝ իրենց կազմակերպությունը Արարատի մարզի շուրջ տասնչորս ընտրատեղամասերում կատարել է դիտորդական առաքելություն: «Կրկին ընտրախախտման դեպքեր են արձանագրել մեր դիտորդները: Վերջիններս հայտնվելով մեր տեսախցիկում, փախուստի փորձեր էին անում»: Լուսինեն անդրադառնալով ընտրախախտումներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրեց ընտրացուցակներում կատարված ընտրախախտումների վերաբերյալ.«Ցուցակները շատ տեղամասերում չեն տրամադրվել մեր դիտորդներին: Մենք չենք համարում, որ այս ընտրությունները եղել են ազատ և արդար»,-ասաց նա:
«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ Շիրակի մարզում 58% մասնակցել է ընտրություններին. «Գյումրի քաղաքում 69% հավաքել է Րաֆֆի Հովհաննիսյանը, 27% Սերժ Սարգսյանը: 87 ընտրատեղամասերից միայն 3 ընտրատեղամասում է Սերժ Սարգսյանը հավաքել առավելագույն միավորները, որտեղ անվավեր ճանաչված քվեաթերթիկներն ավելի շատ են եղել, քան մնացյալ 78 -ում միասին վերցրած»,-ասաց նա:
Քրիստինե ՄԻՐԶՈՅԱՆ