Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ինձ պատգարակով տանեն ռազմադաշտ»

Փետրվար 19,2013 14:11

«Եթե հանկարծ պատերազմը, Աստված չանի, վերսկսվի, թող ինձ պատգարակի վրա դրած տանեն ռազմադաշտ, ես կկռվեմ մինչեւ վերջին շունչս»,- այսպես է խոսում վաթսուներեքամյա ազատամարտիկ Ժորժիկ Օհանյանը:

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում հպարտությամբ են խոսում ազատամարտիկի մասին՝ մշտապես նշելով նրա անցած փառավոր մարտական ուղին: Ազատամարտիկը 1989թ.-ից մինչեւ զինադադարի կնքումը Էջմիածնի կամավորականների ջոկատի կազմում պարբերաբար մասնակցություն է ունեցել Արցախի եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին: 1989թ.-ին նա մասնակցեց Երասխավանի համար մղված պաշտպանական մարտական գործողություններին: 1991-ին մեկնեց ԼՂՀ Հադրութի շրջանի Դուդուկչի գյուղը, որտեղ էլ գերի ընկավ ու պահվեց շուրջ չորս ամիս: Նա ժպիտով է հիշում գերության հետեւանքով նրան տրված մականվան մասին՝ «պլեն»: Գերության երկարաձիգ ամիսները հետքեր թողել են ազատամարտիկի ոչ միայն հոգեկան աշխարհի, այլեւ առողջության վրա: Մինչեւ այժմ էլ պատերազմի ժամանակ ստացած ողերի կոտրվածքը, գանգոսկրի վնասվածքը եւ առողջական այլ խնդիրները նրան հանգիստ չեն տալիս: Այդ օրերի մասին նա պատմում է մեծ ցավով՝ հիշելով, թե ինչերի միջով է ստիպված եղել անցնել. «Այնքան մարդկանց մահեր էի տեսել, գազազել էի արդեն»: Սակայն նույնիսկ գերի ընկնելն ու բազմաթիվ վնասվածքները նրան ետ չպահեցին: Որոշ բուժում ստանալով՝ նորից կամավոր վերադարձավ ռազմադաշտ: Երբ սկսեց կազմավորվել հայոց բանակը, նա կամավոր զինվորագրվեց եւ մասնակցեց Աղդամի, Լաչինի, Քելբաջարի շրջանների եւ ապա 1994թ. ապրիլ-մայիս ամիսներին մասնակցեց Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Թալիշ գյուղերի պաշտպանական եւ ազատագրական մարտական գործողություններին: Զորացրվեց միայն առողջական վիճակի վատթարացման պատճառով: Օհանյանների ընտանիքի մասնակցությունը Ղարաբաղյան գոյապայքարին չսահմանափակվեց միայն պրն Օհանյանի մասնակցությամբ: Նրա կինը՝ տիկին Հեղինեն, ռազմադաշտ ճանապարհեց իր երկու որդիներին էլ: Այժմ ազատամարտիկն ապրում է իր կնոջ եւ որդու յոթանդամ ընտանիքի հետ: Առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել՝ ստանալով ընդամենը 20 հազար դրամ ծերության թոշակ: Սակայն նա երբեք չի հուսահատվում, երբեք չի չարանում հայրենիքի հանդեպ՝ ասելով, որ երբեք իր երկիրը չի լքի. «Ես ծնվել եմ այստեղ, այստեղ էլ պիտի մեռնեմ»:

Իսկ նրա հարստությունը, իր թոռներից ու ընտանիքից բացի, այն մեդալներն ու պատվոգրերն են, որոնցով պարգեւատրվել է՝ «Մայրական երախտագիտություն» մեդալը՝ Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայության համար, «Ազատամարտիկ» մեդալը՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար, «Դրաստամատ Կանայանի անվան մեդալը», «Վազգեն Սարգսյանի անվան մեդալը»: Հատկապես մեծ հպարտության զգացումով է պատմում Սպարապետի ձեռքից ստացած պատվոգրի մասին:

Ազատամարտիկի կինը՝ տիկին Հեղինեն, ասում է, որ մի քանի տարի առաջ, երբ դեռ ամուսնու առողջական վիճակն առավել բարվոք էր, նա ընդհանրապես ոչնչից չէր դժգոհում: Այժմ էլ միայն ուշադրության պակաս է զգում: Եվ չնայած կենցաղային սուղ պայմաններին՝ նա շարունակում է մնալ առաջվա հայրենասերը՝ տան մի պատին ամրացրած հայկական եռագույնով եւ մեդալներով:

ԳՈՀԱՐ ՍԱՅԱԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728