Լրահոս
Օրվա լրահոսը

Կուզեի՝ մեր բեմը չօգտագործվեր իբրեւ ակումբ

Փետրվար 19,2013 14:04

Հարցազրույց Մայր թատրոնի մեծ տիկին Վարդուհի Վարդերեսյանի հետ

– Լրացավ Մայր թատրոնի 90-ամյակը: Տարին նաեւ հոբելյանական է Ձեզ համար: 90 տարիներից քանի՞սն է Վարդուհի Վարդերեսյանն իրենը համարում, եւ արդյո՞ք իմաստավորված է այդ ողջ ընթացքը:

– Հոբելյանն ինձ համար այլ իմաստ ունի. 65 տարի բեմում եմ, շփվել ու բեմ եմ բարձրացել մեծագույն դերասանների հետ, սովորել նրանցից: Հիմա երբ թատրոն եմ գնում, նրանց շունչն եմ զգում, ոտնահետքերն եմ տեսնում… Եթե ոմանց համար հոբելյանը զուտ ամփոփում է, ինչը գուցե այդպես էլ պետք է լինի, իմ դեպքում՝ այլ է… Իհարկե, սա առիթ է, որ մարդիկ եւս մեկ անգամ հիշեն այլեւս երկնային կյանքով ապրող մեծերին, վերհիշեն իրենց ձեռքբերած գեղարվեստական որակները եւ այլն… Ախր թատրոնը միայն թամաշա չէ: Հանդիսատեսը գալիս է լեզու սովորելու, միտք զարգացնելու, կրթվելու: Այսօր, ցավոք, կան շեղված բաներ, թեկուզ՝ «թատերական» լեզվի իմաստով…

– Երբ եկաք թատրոն, կային մեր մեծերը, արդյո՞ք այսօր պահպանվում են նրանց ավանդույթները թատրոնում:

– Չէի ասի… Անշուշտ, կողմնակից եմ պահպանելուն, սակայն, մյուս կողմից՝ կյանքն առաջ է գնում, ժամանակները փոխվում են, նոր մարդիկ են գալիս իրենց մտահղացումներով… Մեր օրերում մարդիկ դադարել են միմյանց ներել: Ես իմ խաղացած դերերը մշտապես ցանկացել եմ թույլատրելիի սահմաններում կապել տվյալ ժամանակի հետ, օրինակ՝ Շանթի «Հին աստվածներում» համարձակություն ունեցա իշխանուհու կերպարը հարմարեցնել ժամանակին. երբ իշխանուհին պատռում է եկեղեցու նախագիծը, «փոխեցի» կերպարս, ներեցի վանահորը, ով հերոսուհուս ոչ վայել խոսքեր է ուղղում, նույնիսկ կանչեցի նրան, համբուրեցի ճակատը… Ախր վանահայրը սիրում է իշխանուհուն, թեեւ թաքցնում է: Այդ պահին մտածում էի մի բանի մասին՝ սիրող սրտերը պետք է ի վերջո ներեն մեկմեկու: Հիշում եմ, որ հանդուգն քայլս հանդիսականի կողմից ընդունվեց ծափահարություններով: Չգիտեմ՝ գուցե դրամատուրգներին, այն էլ դասական, իրավունք չունես քոնը «թելադրել», սակայն մի բան պարզ է, որ յուրաքանչյուր նոր բեմել նախկինը չկրկնվող տրամաբանությամբ ու հոգեվիճակով ես մուտք գործում: Ամեն դեպքում, գտնում եմ, որ կարելի է հանուն ժամանակի փոքրիկ շեղումներ անել:

– Դուք այն եզակի դերասանուհին եք, ով ոչ միայն զբաղված է եղել թատրոնի խաղացանկում, այլեւ հանդես եկել տարբեր նախագծերով՝ մոնոներկայացումներով, համերգային ելույթներով: Դա նպաստում է դերասանի ստեղծագործական աճի՞ն, թե՞ ինչ-որ չափով տարորոշում:

– Երբ դերասանը տարիներ շարունակ բեմ է բարձրանում նույն թատրոնում եւ նույն հանդիսատեսի առջեւ, դա կարծես սովորական է դառնում: Այնքան սովորական, որ ցանկացած ապրում ու հուզմունք հանգիստ ես տանում: Բեմ եմ բարձրացել նաեւ սփյուռքում գործող թատրոններում, որոնց սիրողական դերասանները կարծես ջանում են իրենց խաղի մեջ մտցնել զսպվածություն, մեծ պատասխանատվություն են կրում… Չէ՞ որ հայրենիքից ճանաչված արտիստ է ժամանել: Այդ դեպքում ես, իբրեւ «գաստրոլյոր» դերասան, «իջնում» էի, որովհետեւ հանդիսատեսի մոտ տվյալ ներկայացումը պետք է դրոշմվի ամբողջական տեսքով: Ի վերջո, թատրոնը անսամբլային աշխատանք է:

– Գո՞հ եք ժամանակակից հայ դրամատուրգներից:

– Կարծում եմ, որ դեռ չի ստեղծվել կանացի այն կերպարը, որ պետք է մեր դրամատուրգների գործերում գերիշխեր Արցախյան պատերազմից հետո:

– Ի՞նչ կարծիքի եք Հայաստանում գործող 16 պետական թատրոնների եւ դրանց նկատմամբ պետական հոգածության մասին:

– Արեւմուտքում թատրոնները ապրում ու գոյատեւում են իրենց տաղանդով ու եկամուտով: Երեւանում ունենք մի քանի թատրոն՝ Օպերային, Կոմեդիայի, Պատանի հանդիսատեսի, Տիկնիկային եւ Մայր թատրոնները, որոնց լիարժեք պետք է պահի ու պահպանի պետությունը, այնպես, ինչպես Ֆրանսիայում Comedy Francis-ը կամ իմ ծննդավայրում՝ Բուխարեստի ազգային թատրոնը: Այնտեղ էլ գործում են հազարումի այլ թատերախմբեր, որոնց բոլորին պետությունը, նույնիսկ ցանկության դեպքում, չի կարող աջակցել…Ինչ վերաբերում է Մայր թատրոնիս, կուզեի, որ իմ պետությունը հոգ տաներ ամեն ինչի մասին, որ ստիպված մեր բեմը չօգտագործվեր իբրեւ ակումբ…

Հարցազրույցը՝

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728