Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմայի մեջ գտնվողի իրավահաջորդը քաղհայց է ներկայացրել

Փետրվար 19,2013 13:51

 Հակառակ սրան՝ ամբաստանյալի փաստաբանը պնդում է, որ նա արդեն ուշացել է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է ճանապարհային երթեւեկության ու տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար 1,5 տարվա ազատազրկման դատապարտված եւ համաներման ակտով պատժի կրումից ազատված Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը: Վերջերս ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանի բողոքը՝ բեկանելով իր նախորդների կայացրած վճիռներն ու գործը ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: «Իմ պաշտպանյալը պիտի ամբողջությամբ արդարացվի ՃՏՊ-ով, կամ էլ, հակառակ դեպքում, պետք է համաներման ակտի կիրառմամբ գործող վարույթը կարճվի, այլ ոչ թե պատիժ նշանակվի»,- «Առավոտի» հետ զրույցում նշում է Ռուբեն Հակոբյանը՝ նկատելով, որ արդեն նոր քննությունը հնարավորություն կտա վիճարկելու այդ հարցը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Թադեւոս Գեւորգյանը իր կողմից վարած «ՎԱԶ 21-21» մակնիշի ավտոմեքենայով, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Սպիտակ-Երեւան ճանապարհի 1-ին կիլոմետրի վրա ավտոմեքենան վարելով սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ եւ դեպքի վայրի ճանապարհահատվածում իրականացնելով վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց երթեւեկելի ուղեմաս եւ ընկել ճանապարհին հարող հանդամասը: Արդյունքում՝ ավտոմեքենայի ուղեւոր Վարդան Արզումանյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Մինչ օրս նա չի կարողանում շարժվել, խոսել, լսել:

Դատարանում տուժողի իրավահաջորդ Վարդան Արզումանյանի հոր՝ Արամայիս Արզումանյանի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Ալոյանը հանդես եկավ քաղաքացիական հայցի պահանջով՝ խնդրելով դատարանին ընդունել իր միջնորդությունը. «Քաղաքացիական հայց ենք ներկայացնում դատարան՝ պահանջելով, որ Թադեւոս Գեւորգյանը փոխհատուցի ավտովթարի պատճառով կոմայի մեջ հայտնված տուժողի բուժման վրա ծախսված գումարը»:

Հակառակ սրան՝ Թադեւոս Գեւորգյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ տուժող կողմը, ըստ էության, քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունքից արդեն քանի ամիս է՝ զրկվել է: «Նրանք դրա իրավունքը չունեն, նրանք առաջին ատյանի դատարանում քաղհայց չեն ներկայացրել, դատարանը մտել է խորհրդակցական սենյակ, կայացրել է դատավճիռ, այդ դատավճիռը բեկանվել է, բայց օրենքով նշվում է, որ քաղաքացիական հայց կարող է ներկայացվել մինչեւ դատավճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը: Թեեւ նրանք ասում են, որ մենք դատավճիռ չունենք, սակայն, ինչեւէ, օրենքը չի ասում դատավճիռ, այլ դատավճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալը: Ըստ այդմ՝ քաղհայցի հարցը համարվում է փակված»,- ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728