«Վիճելի» գերեզմանի գործով քաղաքացին հաղթում է երկրորդ դատարանում էլ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 12-ի վճռի դեմ բողոք էր բերել Արեւհատ Խաչատրյանը: Նրա բողոքը օրեր առաջ մերժեց քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը՝ դատավորներ Ա. Թումանյանի, Է. Գրիգորյանի, Գ. Մատինյանի մասնակցությամբ:
Գործի նախապատմությունը հետեւյալն է. Աշոտ Չիթիրյանը դիմել էր ընդհանուր իրավասության դատարան, հայտնելով, որ «Արին Բերդ» գերեզմանատանը, ուր 1991թ. ամփոփվել է իր հայրը՝ հայտնաբերել է մեկ այլ հանգուցյալի՝ Գ. Խաչատրյանի շիրմաքար, հուշարձան:
Պարզվել է, որ 2009-ին էլ Գ. Խաչատրյանն է հուղարկավորվել նշյալ գերեզմանոցում: Ի դեպ, վերջինը մահացել է ՌԴ Մոսկվա քաղաքում:
Կարդացեք նաև
Այս գործով պատասխանող էր ճանաչվել նաեւ թաղման բյուրոն՝ «Բնակչության հատուկ սպասարկումը», որից Ա. Խաչատրյանը պահանջել էր համապարտության կարգով հատուցել իր կողմից գերեզմանատեղիի համար կատարված ծախսերը, եւ Գ. Խաչատրյանի աճյունի վերահուղարկավորման (տեղափոխման) ծախսերի գումարը՝ ընդհանուր 1 մլն 860 000 ՀՀ դրամը:
Աշոտ Չիթիրյանը մինչ դատարան դիմելը ոստիկանության Էրեբունու բաժին էր դիմել: Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասով: Սակայն այն կարճվել էր 2011թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ:
Ոստիկանները գտել էին, որ սա «քաղաքացիաիրավական հարաբերություններ» են եւ պետք է դիմել ընդհանուր իրավասության դատարան:
Դեռեւս նախաքննության ժամանակ Ա. Խաչատրյանը ցուցմունք էր տվել, թե իր եղբայրը 1991-ին՝ հորեղբոր հուղարկավորությունից հետո, նույն գերեզմանատանը տեղ է վերցրել: Ըստ վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասի, Ա. Խաչատրյանը հայտնել էր. «Ծնողների մահվանից հետո եղբայրն ասել է, որ երբ մահանա, հուղարկավորեն իր կողմից վերցրված, բետոնով ցանկապատված գերեզմանատեղում, եւ իրեն տվել է այդ գերեզմանատեղիի համար տրված վկայականը, որն ինքը եղբոր մահվանից հետո ներկայացրել է թաղման բյուրոյին; Երկար տարիներ անցնելու պատճառով հնարավոր է՝ ինքը եղբոր ցույց տված գերեզմանատեղը շփոթել է ուրիշի հետ, եւ այլ գերեզմանատեղ է ցույց տվել»:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, սակայն, գնահատելով գործում առկա ապացույցները, հանգել էր նրան, որ. «հուղարկավորությունից հետո Չիթիրյանի կողմից բետոնյա շաղախով պատրաստված ցանկապատով առանձնացվել է նշված գերեզմանատեղը, որտեղ մինչեւ 2009թ. այլ շինարարական կամ բարեկարգման աշխատանքներ չեն կատարվել»:
Վերաքննիչ դատարանը նաեւ փաստել էր. «Ա. Խաչատրյանի կողմից եղբոր գերեզմանատեղը շփոթելու եւ այլ անձանց պատկանող գերեզմանատեղ մատնացույց անելու պայմաններում, բացակայում են վնասի հատուցման պարտադիր վավերապայմանները»:
Ա. Խաչատրյանն իր բողոքում նաեւ նշել էր, թե «հիմնազուրկ է Ա. Չիթիրյանի կողմից վիճելի գերեզմանատեղին իր կողմից բետոնապատելու եւ այն դատարանի կողմից հաստատված համարելու փաստը, քանի որ եթե այն բետոնապատ լիներ, ապա հանգուցյալ եղբայրը՝ Գ. Խաչատրյանը, այն հետագայում իր համար գերեզմանատեղ վերցնելու ցանկություն չէր ունենա, եւ այդ մասին չէր հայտնի քրոջը»:
Սակայն ընդունենք, որ նշված գերեզմանատեղին բետոնապատված չի եղել, ի՞նչն է փոխվում. չէ՞ որ ոստիկանության հետաքննիչների ներկայությամբ եւ «Առավոտի» մասնակցությամբ բացվեց գերեզմանատեղին եւ այնտեղ հայտնաբերվեց Չիթիրյանի հոր դագաղը:
Ուրիշ ինչ կերպ հաստատել, թե նրա հոր գերեզմանատեղիում են հայտնվել Խաչատրյանները:
Ա. Խաչատրյանը «իրավունքի չարաշահում» էր դիտել իր հանգուցյալ եղբոր վերահուղարկավորելուն պարտավորեցնելու պահանջը, ինչը, ըստ նրա, կարող է տեղի ունենալ իրեն նյութական էական վնաս պատճառելու հետեւանքով: Առավել եւս՝ ըստ Ա. Խաչատրյանի. «երբ սկզբնական հայցվորը հրաժարվում է փոխհատուցել իր կողմից կատարված եւ գնահատված ծախսերը»:
Վերաքննիչ դատարանը Ա. Խաչատրյանի հիմնավորումները բավարար պայման չհամարեց առաջին ատյանի վճիռը բեկանելու համար:
Ա. Խաչատրյանից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 65.800 ՀՀ դրամ, իսկ որոշումն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս հետո:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ