Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միլիտոնյան. «Աշխարհում հայ գրականության մեծ տիրաժներով հրատարակումը ռոմանտիկայի ժանրից է» (Տեսանյութ)

Փետրվար 19,2013 13:45

Գրողի խոսքով` նախաձեռնողը Հայաստանը պետք է լինի

«Փետրվարի 4-11-ը ՀՀ մշակույթի նախարարությունը մասնակցել է Մինսկի միջազգային 20-րդ ցուցահանդեսին, որը կարեւոր է ԱՊՀ երկրների համար` անմիջական շփում ապահովելու տեսանկյունից: Մեր մասնակցությունը այնքանով էր հատկանշական, որ այդ օրերին Մինսկում ամսագրերից մեկում տպագրվել էր հայ գրականությանը նվիրված բաժին: Այն ներառում էր ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները եւ հայ ժամանակակից գրականության վերաբերյալ վերլուծություն: Համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բելառուսի եւ Ուկրաինայի հետ»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում ասաց բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, «Գրքի եւ գրահրատարակչական գործի կենտրոնի» տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ նախորդ տարի Հայաստանը Մինսկի փառատոնին մասնակցում էր պատվավոր հյուրի կարգավիճով. «Բավական հետաքրքիր հանդիպումներ ունեցանք: Այս տարի նույնպես մեր տաղավարում կընդգրկենք վերջին հրատարակության գրքերը»:

Գրողը տեղեկացրեց, որ Մինսկում քննարկվել է նաեւ ծրագիր, համաձայն որի` ԱՊՀ երկրները առաջիկայում միասին են ներկայանալու միջազգային ցուցահանդեսների. «Այդ հնարավորությունը ճանապարհ է` ներկայանալու տարբեր երկրներում: Ծրագիրը ապագայում կհաստատվի»:

Միլիտոնյանը փաստեց, որ Հայաստանում վերջին շրջանում սկսվել է հայ գրականությունը օտար լեզուներով հրատարակելու գործը. «Ծրագիրը կարեւորվում է նրանով, որ մեր գրականությունը վերջին ութսուն տարում աշխարհում տարածվել է ռուսերենի միջոցով: Սպասել, թե մեզ աշխարհի տարբեր երկրներում մեծ տիրաժներով կհրատարակեն, ռոմանտիկա կլինի, մենք պետք է լինենք նախաձեռնողի դերում: Ծրագիրը գործում է ութ տարի, հրատարակվում են անթոլոգիաներ եւ տարածվում աշխարհում»:

Բանախոսը փաստեց, որ Հայաստանում ամեն տարի անցկացվող ԱՊՀ երկրների հրատարակիչների եւ թարգմանիչների ֆորումից հետո մասնակիցներին են ներկայացվում հայ ժամանակակից գրականության նմուշներ. «Շատ երկրներում արդեն թարգմանություններ են արվում եւ հրատարակվում: Շարժն ընդլայնելով` կարող ենք ասել, որ մեր լավագույն գրողները ներկայանում են տարբեր լեզուներով: Ուրախալի է, որ առանձին գրողների գրքեր տարբեր երկրներում ստանում են մրցանակներ»:

Էդվարդ Միլիտոնյանի փոխանցմամբ` նախորդ տարի Հայաստանը մասնակցել է գրքի 11 միջազգային ցուցահանդեսների:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728