Գիշերվա ժամը 2.00-ին, երբ գրվում են այս տողերը, ես դեռ չգիտեմ, թե որոնք են ընտրությունների արդյունքները: Չկա նաեւ դրանց ընթացքի ամփոփ պատկերը: Մի քանի նախնական դիտողություն, այնուամենայնիվ, կարելի է անել:
1. Իշխանության տարբեր մարմիններն այս անգամ էլ չեն կարողացել խուսափել զանազան «ավանդական» օրինախախտումներից, չեն հրաժարվել «տեղական հեղինակությունների» կամ «մայլի տղերքի» ծառայություններից, ինչը, բնականաբար, ստվերել է ընտրությունների ընթացքը: Թե որքանով էին այդ խախտումները համակարգված եւ վերեւից հրահանգավորված՝ ցույց կտան դատախազության եւ ոստիկանության գործողությունները՝ կոծկվելու դեպքում կասկածներն ավելանալու են:
2. Նախընտրական շրջանում իշխանությունը որեւէ սահմանափակում չի դրել իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների (նախեւառաջ, իհարկե, հեռուստաընկերությունների) առջեւ՝ ընդդիմադիր թեկնածուների քարոզարշավը լուսաբանելու համար՝ որոշակի քայլ կատարելով դեպի հավասար հնարավորություններ ապահովելու արեւմտյան ստանդարտ: Իշխանությունը նաեւ չի զբաղվել ընդդիմության հասցեին հակաքարոզչությամբ, որի սանձարձակ դրսեւորումներին մենք ականատես էինք նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, մասնավորապես՝ 2008-ին:
3. Րաֆֆի Հովհաննիսյանը բացարձակապես թույլ թեկնածու չէ, նրա ներկայությունը միանգամայն բավարար էր՝ մրցակցային ընտրություններ ապահովելու համար, նրա անձը եւ կուսակցությունը մեծ ժողովրդականություն են վայելում ընտրողների շրջանում: Այնպես որ՝ նրանք, ովքեր իրենց համարում են, այսպես ասած, «ռեժիմի հակառակորդներ», իզուր էին (են) փորձում նրա քաղաքական կշիռը նսեմացնել՝ այս հարցերում մեծամտությունը, խանդը եւ առավել եւս նախանձը լավագույն խորհրդատուները չեն: Իրապես ընդդիմադիր մտածելակերպ ունեցող մարդիկ, որոնք այլ՝ չառաջադրված թեկնածուների ու քաղաքական կողմնակիցներ են, պետք է եթե ոչ աջակցեին, որոշակի չեզոքություն պահպանեին ու չքարկոծեին նրան:
Կարդացեք նաև
4. Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը պետք է ավելի շուտ սկսեին կազմակերպչական (այդ թվում նաեւ «fundraising»-ի՝ նյութական միջոցների ներգրավման) աշխատանքները, որպեսզի ամեն մեկը կամ գոնե երկուսը միասին ապահովեին իրենց վստահված անձանց ներկայությունը 1988 տեղամասերում: Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր եւ «այլընտրանքային» կուսակցությունները նույնպես, կարծում եմ, չպիտի ձեռները լվանային ընտրություններից եւ պիտի հետեւեին քվեարկության արդարությանը: Թե՞ այդ խնդիրը երկրորդական պլան է մղվում, եթե «սեփական» թեկնածու չկա:
Նախագահական ընտրություններով կյանքը չի ավարտվում, եւ հույս կա, որ այդ դասերը մոտ ապագայում հաշվի կառնվեն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ստիպված եմ խոստովանել, որ Մեծատառով Մարդ ես;Մտածողությունդ գերող է, ազգանվանդ բառարմատի պես;
Միանգամայն համամիտ եմ David-ի հետ: Շատ եմ ափսոսում, որ Ձեր ժամանակի մեծ մասը
տրամադրում էք,՝ ստորաքարշ արարածների դավադրությունների մեկնաբանմամբ: Եթե այդ
սողունները չլինեին, Դուք Ձեր ժամանակը կտրամադրեիք ժողովրդին՝ ևս շատ խելացի, կիրթ, բարձր
արվեստ սովորեցնելուն: Իսկ հետո կարծում եմ,՝ եթե ոչ՛ Դուք, ապա ո՞վ կարող է այդթան մեծ զզվանք զգալ այդ մոլախոտերից, որոնց դեմ պայքարը դեռ ավելի է սրվելու: Մեզ բոլորիս
համբերություն, բայց մինչև ամառ: 5 տարի համբերելը կործանարար կլինի բոլորի համար:
Հարգելի Արամ: Լիովին համամիտ եմ Ձեզ հետ: Մեկ նկատառում, կարևոր չէ, թէ ով կլիներ ՍՍ- ին հակակշիռ: Ցավալին այն է, որ 10% ձայներ հավաքած նախագահն ինքն էլ է հավատում, որ ինքը հաղթել է:
Ինչքան ողորմելի վերջաբան կլիներ նախագահական ընտրությունների համար, եթե Րաֆֆին էլ հավաքեր 4-5% ձայներ: Իսկ հիմա կարելի է զառանցել համարյա ազնիվ և համարյա նորմալ ընտրությունների մասին: Տեսնես ինքը` Րաֆֆին հավատու՞մ է, թե այդքան ձայն իսկապես հավաքել է: Ինչ իմանա՞ս`կարող է ու հավատում է: Համարյա հայ, համարյա ազնիվ, համարյա կրթված տղա է… Ու հիմա բոլորս իրար հետ,` “Արա տեսա՞ք, քիչ էր մնում նորմալ անցնեին ընտրությունները: Ոչինչ, մի 4-5 տարի էլ դիմացեք, անպայման լավ ընտրություններ ենք անելու”: Լավ ա, չէ՞…
Господин Абраамян пишет об эволюционных процессах в стране! к сожалению двое из трех комментаторов пишут не по сушеству а по протестным эмоциям!
Հարգելի Արամ Աբրահամյան ողջյունում եմ Ձեզ և Ձեր մտածողությանը: Եթե մեծամասնություն կազմեին Ձեր նման մտածողները, հայ ժողովուրդը դարեր շարունակ և հիմա էլ կգտնվեին նորմալ զարգացած երկրների կազմում: Մեր մեջ հզոր և խելացի անհատներ շատ կան, բայց համախմբվել և հաղթանակել չգիտենք և չենք էլ ուզում սովորել: Դա է աշխարհով մեկ ցաք ու ցրիվ լինելու մեր ժողովրդի հիմնական պատճառը: Եթե Սերժի նման մի անհատ կարողանում է, ու մոտը ստացվում է, մի ամբողջ ժողովրդի արժանապատվության և պետականության հետ խաղալ ուրեմն ՄԵՆՔ ԱՌԱՅԺՄ ԱՅՍՔԱՆ ԵՆՔ ՈՒ ՄԵԶ ՍԱԶՈՒՄ Է: «Գեղ որ կանգնի, գերան կկոտրի»…..«Ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին» կամ հակառակը… Ցավալի է, բայց առայժմ էս ենք….
Հայաստանում քիչ են Ձեզ նման մտածողները, բայց անհատական պայքար այսքան շատ չար արարքների համար ,այսքան վատ մտածող մարդկանց համար ,ովքեր ազգս հայոց տանում են կործանման, դժվար է …