Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտավորականը հեռուստատեսային աստղերի փեշի տակից գոնե մեկ-մեկ պետք է ասի` ես էլ կամ»

Փետրվար 19,2013 13:33

«Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հայտարարվել է գիրք նվիրելու օր: Գիրքը ամենակարեւոր նվերն է` մարդուն ընծայելու համար: Գիրքը տարածելու ջանքերն ամենօրյա պետք է լինեն, մեկ օր գիրք նվիրելով պետք չէ սահմանափակվել,-«Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր ասաց բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, «Գրքի եւ գրահրատարակչական գործի կենտրոնի» տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:

«Սովետական շրջանում գրքի նկատմամբ ձեւավորված պաշտամունքային վերաբերմունքը մարել է վերջին քսան տարիներին: Մինչ այդ գրադարաններ էին ստեղծում, ինչը լավ միտում էր, գրքերի տիրաժներն էլ մեծ էին, բայց գաղտնիք չէ, որ քչերն էին ուսումնասիրում իրենց տանը հավաքված գրքերը: Անկախության տարիներին գրքի հանդեպ վերաբերմունքը գլխիվայր շուռ եկավ: Հաճախ ժամանակակից  գրողների գործերի հանդեպ անտարբերություն եւ թերահավատություն է դրսեւորվում, մինչդեռ ժամանակակից գրականության մեջ անուններ կան, որ հետո դասական գրողներ են համարվելու: Պարզապես մենք պաշտամունք ունենք մահացած գրողների հանդեպ»,-նշեց պարոն Միլիտոնյանը:

Նրա խոսքով. «Թյուր կարծիք կա, թե տաղանդավոր գրողների գործերը չեն հրատարակվում: Չկա տաղանդավոր գրող,  որը գիրք ներկայացնի եւ այն չհրատարակվի: Սակայն չեմ կարծում, որ ամեն օր տաղանդավոր գիրք պետք է ստեղծվի: Լավագույն գրողները ժամանակակից աշխարհի եւ Հայաստանի դեմքը  ավելի խորքային են ներկայացնում, քան սովետական վերջին տարիների գրողները: Այն ժամանակ կար «Գլավլիտ», որը ամեն բառին հետեւում էր եւ գրքերից հանում, օրինակ՝ «Աստված» եւ «հրեշտակ» բառերը: Իսկ այժմ  մեր տաղանդավոր գրողները ազատորեն են ներկայացնում տարբեր թեմաներ»:

Բանաստեղծը մտահոգություն հայտնեց, որ լավագույն հայ մտավորականները պատշաճ կերպով չեն ներկայացվում հանրությանը. «Հեռուստացույցով ամեն օր երեւացող աստղերը էլի թող երգեն, բայց նրանց փեշի տակից գոնե մեկ -մեկ մտավորականը պետք է երեւա եւ ասի` ես էլ կամ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728