Երեկվա ընտրությունների ժամանակ շատերը քվեարկելուց հետո լուսանկարել են իրենց քվեաթերթիկը եւ լուսանկարը տեղադրել համացանցում։ Արդեն իսկ ինքնաբուխ մրցանակաբաշխության է սկսվել լավագույն քվեաթերթիկը որոշելու համար։
«ՉԻ»- Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, մրցանակաբաշխությունն ընթանում է միանգամից մի քանի նոմինացիաներով։ Օրինակ՝ «լավագույն գեղանկարչություն» անվանակարգում հաղթանակի հիմնական հավակնորդներն են Չեբուրաշկայի եւ թարս բուսնող խիարի պատկերներով թվեաթերթիկները, «ամենաէրոտիկ» անվանակարգում միմյանց հետ մրցում են «Քիմ Քարդաշյան» գրությամբ եւ նույն թարս բուսնած խիարի պատկերով քվեաթերթիկները, «ամենահայրենասիրական» անվանակարգում՝ «յա Գարեգին Նժդեհ» եւ «դավայ դասվիդանիա» գրություններով քվեաթերթիկները եւ այլն։ «Ամենահազվագյուտ» անվանակարգում արդեն իսկ հաղթող է ճանաչվել Վարդան Սեդրակյանի օգտին քվեարկված թերթիկր, իսկ «ամենաանհեթեթ» անվանակարգում՝ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկվածը։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն առաջիկա երեք օրվա ընթացքում։
«Չորրորդ ինքնիշխանություն»