«Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպության
տնօրեն Վահրամ Վարդանյանի պնդմամբ` թիվ 11 ընտարատարածքում խախտումներ են արձանագրվել:
Փետրվարի 18-ին Երեւան քաղաքի թիվ 11 ընտրատարածքում դիտորդական առաքելություն իրականացրած «Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդները որոշ խախտումներ են արձանագրել: Կազմակերպության դիտորդները եղել են նույն ընտրատարածքի բոլոր 37 ընտրատեղամասերում, դիտորդություն են իրականացրել նաեւ շրջիկ սկզբունքով:
Ըստ նույն կազմակերպության տնօրեն Վահրամ Վարդանյանի` եղել են բազմակի քվեարկության, տեղամասային կենտրոնում մեկ թեկնածուին սատարող մեկից ավելի վստահված անձանց միաժամանակյա ներկայության դեպքեր, իսկ որոշ ընտրատեղամասերում եղել են կուտակումներ ու խմբակային քվեարկության դեպքեր:
Կարդացեք նաև
«Նախորդ ընտրությունների ու այլ կազմակերպությունների փորձը ցույց է տալիս, որ թիվ 11 ընտրատարածքը, որ հիմնականում ընգրկում է Շենգավիթի շրջանը, միշտ աչքի է ընկել ընտրակեղծիքներով ու խնդրահարույց ընտրատարածք է եղել»,- ասաց հասարակական կազմակերպության տնօրենը` պարզաբանելով, թե դիտորդություն իրականացնելու համար ինչու է ընտրվել հենց այդ ընտրատարածքը:
Վ. Վարդանյանի խոսքով` դիտորդական գործունեության իրականացնելու ժամանակ իրենց դիտորդները նկատել են, որ այլ դիտորդական կազմակերպություններ սատարել են այս կամ այն թեկնածուին:
Aravot.am-ի այն հարցին, թե կոնկրետ որ ընտրատեղամասերում են արձանագրվել վերոնշյալ խախտումները, «Ընտրական համակարգեր կենտրոն» հ/կ-ի տնօրենը պատասխանեց. «Հիմա ընտրատեղամասերը համարներով չեմ կարող հիշել, բայց կոնկրետ ընտրախախտումներ եղել են Ներքին Շենգավիթում»:
Անդրադառնալով ընտրախախտումների թեմային` Վ. Վարդանյանը նաեւ նշեց, որ իրենց դիտորդները ընտրախախտումների համար դիմել են տեղամասի հանձնաժողովի նախագահին, բայց գործին ընթացք չի տրվել:
«Մեր դիտորդները տեղեկացրել են հանձնաժաղովի նախագահին, նախագահը ուղղակի ասել ա, որ ինքը չի գրանցի դա, նախագահը ուղղակի մերժել ա»,- ավելացրեց բանախոսը:
Հիշեցնենք, որ «Ընտրական համակարգեր կենտրոնի» կատարած դիտորտական առաքելությունը ֆինանսավորել է Գերմանիայի կառավարությունը, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն 10 օրից:
Աշոտ ԱԹԱՅԱՆ