Ավետիք Ալոյանը ատամ է ուզում, Եպրաքսյա տատը՝ արդարություն
Նորագյուղի 9/27 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Ավետիք Ալոյանի տրամադրությունը չափազանց բարձր էր: Նրա տրամադրության վրա էական ազդեցություն էր թողել իրենց ընտրատեղամասում «տռուսիկի» պատմությունը, որի շուրջ ընտրատեղամասում հավաքվել, ասում-խոսում-խնդում էին: Տեսնելով Aravot.am-ի տեսախցիկն ընտրատեղամասում՝ նա հորդորեց. «Թող խոսցնի, ի՞նչ եմ արել: Ատամ չունեմ մենակ մի քանի հատ»,-ասաց ու սկսեց զվարճանալ վստահված անձը: Մեր դիտարկմանը, որ ընտրություններից հետո ատամները «կգցեք»՝ Ավետիք Ալոյանը պատասխանեց. «Է հեչ, ի՞նչ ա եղել: Մնացածը չհանե՜ն»: Ավետիք Ալոյանին «բաց» խոսելու համար կշտամբեցին հանձնաժողովի անդամները՝ հորդորելով նման բաներ չխոսել, թե չէ «youtube կգցեն»: Նոր Խարբերդի թիվ 16/41 ընտրատեղամասում էլ 87-ամյա Եպրաքսյա տատիկը, որը եկել էր տղայի եւ թոռան հետ, մեծ աժիոտաժ առաջացրեց իր շուրջը: Տատիկը հազիվ շոշափելով մի կերպ կարողացավ թարս քվեաթերթիկը շրջել, որ կարդա թեկնածուների անունները, բայց ոչ մի կերպ թույլ չէր տալիս, որ իրեն որեւէ մեկը օգնի: Չէր վստահում: Մոտ 15 րոպե Եպրաքսյա տատիկը քվեախցից դուրս չեկավ՝ խոշորացույցը ձեռքին տարուբերելով: Վերջապես քվեարկելուց հետո տատիկը դուրս եկավ քվեախցից՝ մատը քվեաթերթիկի 3-րդ համարի վրա պինդ դրված: Այդպես պինդ սեղմած էլ թաքուն գցեց քվեատուփի մեջ՝ վստահ լինելով, որ որեւէ մեկը չի հասկացել իր ընդդիմադիր հայացքը: Ընտրությունից հետո երբ տատիկին հարցրեցինք, թե ում օգտին է քվեարկել, հորդորեց ականջը մոտ բերել. «Արդարության համար եմ քվեարկել, բալիկ ջան»: Հանձնաժողովի անդամներից մեկը, որը Եպրաքսյա տատի հարեւանուհին էր, պատմում էր, որ ամեն ընտրություններին քվեաթերթիկները բացելիս պարզ է դառնում, թե որ քվեաթերթիկն է նրա լրացրածը. «Վրան պարտադիր գրում ու ստորագրում է՝ Եպրաքսյա»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ