Լրահոս
Օրվա լրահոսը

Մարլեզոնյան բալետ. կլինի՞ 2-րդ արար

Փետրվար 19,2013 12:16

Այս ընտրությունները դասական էին հատկապես այն առումով, որ ընդդիմությունը դարձյալ, ավելի ստույգ, ինչպես միշտ, չներկայացավ մեկ միասնական թեկնածուով։ Սակայն ձայների ազնիվ հաշվարկի դեպքում անգամ այս դեֆեկտը չի կարող աշխատել՝ հօգուտ իշխանությունների, ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել է ընտրողների մեծ մասը։ Դժվար է ասել, թե մարդկանց դեպի այս թեկնածուն հակե՞լ են անթիվ ձեռքսեղմումները։ Լուրջ քննարկումների և բացատրության անհրաժեշտություն ունի նաև Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու նրա թեզը։ Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն ընկալվել է՝ որպես «հաղթող» թեկնածու։ Եվ ընտրողների այն մասը, որը չի ցանկացել փոշիացնել իր ձայնը՝ «չեբուրաշկա» նկարելով կամ քվեարկելով մյուս թեկնածուների օգտին, նշանը դրել է հենց այս թեկնածուի անվան դիմաց։ Թեև երկրորդական չես համարի նաև մարդկային գործոնը, «խելացի, բայց չար», «հարուստ, և միայն այդքանը», «բարի, բայց կոռումպացված» մոդելներն արդեն մահու չափ ձանձրացրել են։

Եվ հիմա արդեն ակտուալ չեն քննարկումները՝ ի՞նչ պատճառով Հրանտ Բագրատյանը կամ Պարույր Հայրիկյանը չհայտարարեցին, թե միանում են Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ընտրությունների տեխնիկական մասն արդեն ավարտվել է։ Այն, որ հաղթող կհռչակվի Սերժ Սարգսյանը, կասկած չի հարուցում («Կարևոր չէ՝ ինչպես են ընտրում, կարևոր է՝ ինչպես են հաշվում»): Այն, որ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը ոչ մի գնով չեն զիջի իշխանությունը, պարզ էր դեռևս խորհրդարանական ընտրություններից, երբ նկարվեց այնքան ձայն, որ ՀՀԿ-ն միայնակ տեր դարձավ իշխանության ողջ կարկանդակին։

Ընտրողները պատրաստ են ԿԸՀ եզրակացությանը, ուր անվերապահ առաջատար կհայտարարվի Սերժ Սարգսյանը։ Իշխանություններից որևէ կոնկրետ սպասելիքներ չկան։ Սպասելիքն այն թեկնածուից է, որին մարդիկ, հերթական անգամ, որոշ դեպքերում՝ վերապահումով, բայցև հանձնեցին իրենց ձայները։ Կսեղմի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի ձեռքը, կվարվի՞ այնպես, ինչպես ընտրողների հետ վարվեցին Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՞ կօգտվի մարդկանց վստահությունից ու կփորձի տեր կանգնել իրեն տրված ձայներին, պարզ կլինի, թերևս, հենց այսօր։

Դիտորդական առաքելությունների (հատկապես ԱՊՀ դիտորդների) գնահատականների հետ հույսեր կապել, ինչպես նախորդ փորձն է ցույց տալիս, անմիտ գործ է։ Անգամ ամենախայտառակ կեղծիքներից հետո եվրոպացիները գուցե զարմացել են, փոքր-ինչ կոշտ գնահատականներ են տվել։ Բայց ընտրությունների արդյունքները, միևնույն է, գնահատել են՝ որպես «եվրոպական չափանիշներին համապատասխան»։ «Վերապահումներով» բառը այդ երկար տեքստի մեջ երանգ չի ստեղծում։

Սակայն այս ընտրություններում, կույր պետք է լինել, չնկատելու նաև ձեռքբերումները։ Ընտրակաշառքի ինստիտուտը, թերևս, միակն է Հայաստանում, ուր տարիների ընթացքում արձանագրվել է կոնկրետ առաջընթաց։ Չկա այլևս նվաստացման, տված գումարը երեսով տալու կամ այս, կամ այն թեկնածուին բիրտ ձևով պարտադրելու ավանդույթը։ Առաջնային են եվրոպական արժեքները, գումարը տալ նրբագեղորեն, այնպես, որ վերցնողն էլ անհարմար չզգա։ Անգամ չնկատի սեղանի վրա «մոռացված» 5000-անոցը։ Հետաքրքիր միտում է արձանագրվել սահմանամերձ գյուղերում, չի եղել որևէ պարտադրանք, ուղղորդում, թե անպատճառ կգնաք ու կընտրեք Սերժ Սարգսյանին։ Ամենևի՛ն։ Գյուղական իշխանության ներկայացուցիչներն անցել են տնետուն, հաշվել՝ քանի ընտրող կա ընտանիքում և, համապատասխանաբար, յուրաքանչյուրի համար վճարել 5000 դրամ՝ ընդամենն ասելով. «Բարով վայելեք»։ Ինչը և արեցին այն ընտրողները, որոնց էլ, ամենայն հավանականությամբ, հանդիպել են «The Gallup Organization»-ի աշխատակիցներն ու, ըստ այդմ, կազմել Exit poll-ի արդյունքները։ Նման կազմակերպությունների հարցումների հավաստիությունը կասկածի տակ է ավելի քան 58 տոկոսով։ Հատկապես հեռավոր գյուղերում գյուղացիները նման հարցումներին անկեղծորեն չեն պատասխանում, վախենում են և, որպես կանոն, տալիս են իշխանության թեկնածուի անունը։ Առաջընթաց է արձանագրվել նաև ընտրողների հետ վերաբերմունքի առումով, զգույշ և հոգատար վերաբերմունք, ահա ինչի են արժանի ընտրողները։ Թե ինչպես են ընտրողներին երթուղայիններով կամ տաքսիներով ապահով հասցնում ընտրատեղամաս, ուղեկցում քվեատուփի մերձակայք, այնուհետև, խնամքով վճարում իքս գումարը (այս դեպքում չափն էական չէ. կարևորը մոտեցումն է), կարող եք տեսնել սոցիալական ցանցերում, լրատվամիջոցների կայքերում։

Թեև իրական կյանքում դեպքերը պակաս ռոմանտիկ ընթացք ունեն։ Այստեղ, ինչպես միշտ, սպասման մթնոլորտ է։ Հիմա արդեն՝ կսեղմի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի ձեռքը, թե՞ ոչ։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728