«Մարդիկ տագնապի եւ ահուսարսափի մեջ են, եւ այսօր ինձ շատերն են հարցրել՝ լավ, սրա վերջը ի՞նչ է լինելու, որովհետեւ խեղկատակությունից մեծ ողբերգություն է ծնվում, պատմությունն է դա ցույց տալիս»,- ընտրությունների ավարտից րոպեներ անց նախնական տպավորություններով մեզ հետ կիսվեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ դիտարկելով արդեն օրվա ընթացքում հնչեցրած բազում ահազանգերն ու ընտրատեղամասերում ընտրողների անլուրջ վերաբերմունքը՝ արտահայտված սեփական քվեաթերթիկների վրա բազմազան գրառումների տեսքով։
«Լավ ծառը բերում է լավ պտուղներ, վատ ծառը՝ վատ պտուղներ,- աստվածաշնչյան խոսքերը վկայակոչելով՝ քաղաքագետը նկատում է։
– Հիմա ո՞նց կարող են լավ ընտրություն անել մի իշխանության պայմաններում, որտեղ խարդախությունը, բանսարկությունը, մարդկանց հետապնդելը եւ այլ բռնություններ դարձել են օրինաչափություն։ Իհարկե, ընտրություններն էլ պիտի կեղծեին՝ ինչպե՞ս կարող են արատավոր այս շրջանը հաղթահարել լավ ելքով»։
Նախընտրական ողջ քարոզչության ընթացքում ՀՀԿ-ն հայտարարում էր, որ պայքարը գնալու է բացառապես երկրորդ տեղի համար, եւ որ իրենց թեկնածուն այլընտրանք չունի, քաղաքագետներն էլ ոչ մրցակցային էին որակել այս ընտրությունները։ Եվ ուրեմն ինչո՞ւ կրկին ավանդական մեթոդներով կեղծել ընտրությունները եւ հաշվի չառնել ժողովրդի կամքը։ «Որովհետեւ Սերժ Սարգսյանի ախոյանը ոչ թե ուժեղ թեկնածուներն ու մրցակիցներն են, այլ այն բացասական վերաբերմունքը, որն իր հանդեպ ունի ազգաբնակչության մեծ մասը,- մեկնաբանում Է ՀՔՄ նախագահը՝ շարունակելով։- Այսինքն՝ Սերժ Սարգսյանի ախոյանը հասարակական այն կարծիքն է, որը հիմնավորվում է հենց իր գործունեության արդյունքներով, եւ որը ձեւավորվել է քաղաքացիների ճնշող մեծամասնության մոտ։ Մարդիկ չեն գնում ընտրություններին, եւ պետք է մասնակցության թիվ նկարեն, ուռճացնեն, բայց բոլորը անզեն աչքով տեսնում են, որ մարդիկ ըստ էության բոյկոտում են այս ընտրությունները։ Այսինքն, մարդիկ հրաժարվում են մասնակցել՝ համարելով դա խեղկատակություն»։
Կարդացեք նաև
Նախընտրական քարոզչության ողջ ընթացքում ոչ մի բովանդակային լուրջ բանավեճեր եւ դեբատներ չեղան, ընտրարշավն անցավ աննախադեպ մի մթնոլորտում, որը, Հովհաննիսյանի խոսքով, իր անհեթեթությամբ կարելի է գրանցել Գինեսի գրքում։ «Այս իրավիճակում ինչպե՞ս կարող էր քվեարկության օրը լիներ մի պատկեր, որը չհամապատասխաներ
ընտրարշավի տրամաբանությանը, որը տրամաբանություն չի կարելի կոչել, որովհետեւ անհեթեթությունը տրամաբանություն չունի։ Ինչպես ասում են՝ լավ բան չցանեցին, որ լավ բան հնձեն»,- հուսահատ եզրափակում է նա։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»