Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) ներկայացրեց ընտրությունների վերաբերյալ դիտարկումները:
Կազմակերպության անդամ Աննա Չուրդովան նշեց, որ դիտորդական առաքելություն իրականացնողները շատ ընտրատեղամասերում հանդիպել են միջազգային դիտորդների: Չուրդովան շնորհավորեց հայ ժողովրդին` բարեհաջող ընտրությունների կազմակերպման համար: «Հատկապես թույլ տեսողությամբ ընտրողներին էին հանձնաժողովները ուշադիր վերաբերվում, որքան էլ որ նրանց աշխատանքը քննադատեցին: Նման ուշադրությամբ անգամ Եվրոպայում չեն մոտենում մարդկանց»,-հավելեց Չուրդովան:
Կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ցինկերի խոսքով. «Եկանք հասկացողության, որ Հայաստանում ինչ որ բան է սկսվում կատարվել: Չնայած գործող նախագահը հաղթել է առաջին փուլում, բայց ընդդիմադիր գործչի օգտին արված քվեարկությունը կարծես «դեղին քարտ» է նրա համար, քանի որ Հայաստանում փոխելու բան կա»:
Ցինկերը հայտնեց, որ ընտրությունների օրը դիտարկված 134 տեղամասերից 65 տոկոսը ստացել է դրական եզրակացություն. «Փորձագետները ընդհանուր առմամբ դրական գնահատական են տվել ընտրություններին: Դրանք անցել են թեկնածուների ժողովրդավար մրցակցության պայմաններում: Առաքելությունը դրական է համարում այն հանգամանքը, որ ընտրությունները ընթացել են անխափան հունով: Միջազգային դիտորդները ընտրությունները համարում են կայացած, լեգիտիմ եւ ընդհանուր առմամբ` համապատասխան միջազգային ընտրական նորմին»:
Ցիներն ասաց, որ զեկույցը կազմելիս առաջնորդվել են իրենց դիտարկած ընտրատեղամասերի արդյունքներով. «Որտեղ մենք գտնվել ենք, լցոնումներ չեն եղել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ