Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի ընտրությունների վերաբերյալ Հայաստանի Օմբուդսմենի նախնական դիտարկումները

Փետրվար 19,2013 10:26

Յուրաքանչյուր ընտրություներից հետո էլ լինում են որոշակի արդյունքներ և բազմատեսակ գնահատականներ: Ընտրությունների արդյունքներից առավել կարևոր է հանրության վստահությունը այդ արդյունքների նկատմամբ: Հանրության վստահությունը կարող է ձևավորվել միայն չեզոք և օբյեկտիվ գնահատականներով: Այսօրվանից շատ տեղական և միջազգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց գնահատականները այս ընտրությունների վերաբերյալ:

Այդուհանդերձ, որևէ գնահատական չի կարող լինել հայ հանրության համար լիարժեք և վստահելի, եթե Հայաստանի Ոստիկանությունը օբյեկտիվորեն չներկայացնի, թե hետևյալ լրջագույն ընտրախախտումների վերաբերյալ քանի ահազանգ է եղել և դրանցից քանիսն են եղել հիմնավոր՝

·         ընտրակաշառքի բաժանում,

·         կրկնակի քվեարկություն,

·         ուղղորդված քվեարկություն,

·         քվեաթերթիկի լցոնում,

·         հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի ճնշում ձայների հաշվարկի ընթացքում,

·         ձայների հաշվարկի արդյունքների կեղծում:

Ընդ որում Ոստիկանությունը պետք է հրապարակի նաև այդ ահազանգերը հիմնավոր կամ անհիմն գնահատելու հիմքերն ու պատճառները:

Չափազանց կարևոր է նաև հրատապ պարզել և հանրությանը ներկայացնել, թե ինչու էր քվեարկության օրը խափանվել Գալա հեռուստաընկերության կայքի աշխատանքը: Անհրաժեշտ  է նաև հրատապ բացահայտել լրագրողների ու դիտորդների գործունեության խոչընդոտման բոլոր դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

 

Ոստիկանության ոչ արժանահավատ աշխատանքը կարող է ստվերել այս ընտրությունների բոլոր փուլերի դրական ձեռքբերումները: Այսպիսով, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության և ընտրությունների ընդհանուր գնահատականի համար պատասխանատվության ողջ ծանրությունն ընկած է Հայաստանի Ոստիկանության վրա:  Կոչ եմ անում բոլոր կառույցներին և անհատներին սերտորեն համագործակցել Ոստիկանության հետ, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ բացահայտվեն բոլոր ընտրական հանցագործությունները, և հանրությունը ստանա ընտրախախտումների իրական ծավալները և պատկերը:

 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերոհիշյալ էական և այլ  ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 253 ահազանգ: Մինչև առաջիկայում ընտրությունների վերաբերյալ մեր համապարփակ գնահատականը ներկայացնելը մենք կշարունակենք ընդունել ընտրության փուլերում կատարված խախտումների վերաբերյալ ահազանգեր, հետևել զանգվածային լրատվության միջոցների համապատասխան հրապարակումներին, դիտորդական կազմակերպությունների գնահատականներին և հետընտրական զարգացումներին:

 

Կարեն Անդրեասյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728