Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենակարեւոր հարցը

Փետրվար 19,2013 09:50

Ո՞վ է հաղթել ընտրություններում: Որքանո՞վ են դրանք կեղծվել: Արդյոք Րաֆֆի Հովհանննիսյանը կգնա՞ «մինչեւ վերջ», թե՞ ոչ: Այդ հարցերն, իհարկե, հույժ կարեւոր են: Բայց թերեւս ավելի կարեւոր է այն հարցը, թե ինչպե՞ս է մեր հասարակությունը, մեր ժողովուրդը դուրս գալու ընտրական այս  գործընթացից՝ պառակտվա՞ծ, երկփեղկվա՞ծ, թե, բնական ներքին հակասություններ ունենալով հանդերձ, այնուամենայիվ, միասնական: Այդ հարցի պատասխանը ուղղակիորեն պայմանավորված է նրանով, թե ինչպիսի մտածելակերպ ունեն, ինչպիսի գաղափարախոսություն են որդեգրել նախագահի թեկնածուները:

1995 թվականից ի վեր իշխանությունը մեր քաղաքացիների արժանապատվությանը ուժգին հարվածներ է հասցնում՝ կեղծելով ընտրությունները: Լրջագույն փարձություններ էին մեր պետության համար «հոկտեմբերի 27»-ը եւ «մարտի 1-ը»: Բայց ամեն մի ժողովրդի պատմության մեջ նման ցնցումներ լինում են. հասարակությունը շոկ է ապրում, բայց հետո կարողանում է մեջքն ուղղել: Շատ ավելի խորը վերքեր է թողնում պառակտման թույնը, որը կարող է ձեռք բերել նաեւ քաղաքացիական պատերազմի ձեւ, ինչպես որ դա 20-րդ դարում եղավ, օրինակ, Ռուսական կայսրությունում կամ Իսպանիայում, եւ, ի դեպ, ռուսաստանյան հասարակությունը դեռ մինչեւ վերջ չի կարողացել հաղթահարել «սպիտակների» եւ «կարմիրների» հակամարտության հետեւանքները, որովհետեւ չի լսել այդ հակամարտության մասին ողջ ճշմարտությունը:

Հայաստանում հասարակությունը պառակտելու՝ «սեւի» եւ «սպիտակի» բաժանելու գաղափարախոսության ամենավառ դրսեւորումները մենք տեսանք 1998-ին եւ 2008-ին: Առաջին դեպքում պալատական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած «հայտնի ուժերը», ըստ էության, հայտարարեցին. «Այն, ինչ եղել է մեզնից առաջ, սխալ էր, վատ էր, հանցագործություն էր, եւ մենք՝ ազնիվ, ազգային ուժերս, եկել ենք ամեն ինչ շտկելու եւ հանցագործներին պատժելու: Իսկ նրանք, ովքեր մեզ հետ համաձյան չեն, երազում են նախորդ հանցավոր ռեժիմի ռեստավրացիայի մասին»: Ահա այդպիսի հայեցակարգով է առաջնորդվել իշխանությունը 10 տարվա ընթացքում՝ զուգահեռաբար ստեղծելով այնպիսի ռեժիմ, որի հետ համեմատած «նախորդ հանցավորը» բավականին «բուսակեր» էր: Բայց ամենավատը դա չէր՝ ավելի սարասափելի է, որ բոլոր նրանք, ովքեր 90-ականներին չէին մտնում «հայտնի ուժերի» ուղեծրի մեջ, հայտարարվեցին «ՀՀՇ-ականներ», «լեւոնականներ». «վանոյականներ», ռեւանշիստներ, հանցագործներ եւ թշնամիներ:

2008-ին ասպարեզ եկավ մի ուժ, որը, ըստ էության, հայտարարեց. «Այն, ինչ եղել է վերջին 10 տարվա ընթացքում, վատ էր, սխալ էր, հանցագործությունն էր: Մենք գալու ենք իշխանության, որպեսզի այդ ամեն ինչ շտկենք, հանցագործներին էլ պատժենք: Իսկ նա, ով մեզ հետ համաձայն չէ կամ իրեն թույլ է տալիս գոնե մեկ միլիմետր շեղվել մեր դարձվածքաբանությունից, նա հանցագործ է կամ հանցագործների սպասարկու»: Այդպիսով հասարակությունը երկրորդ (կամ գուցե երրորդ կամ չորրորդ) անգամ բաժանվեց «սեւի» եւ «սպիտակի», «բարու» եւ «չարի», «յուրայինների» եւ «թշնամիների», «սպիտակների» եւ «կարմիրների»: 10 տարին մեկ հասարականությանը հասցրած այս վերքերը դժվար են սպիանում. մարդիկ, հայտնվելով բարիկադների տարբեր կողմերում, չեն կարողանում ներել իրար պատճառած ցավը եւ եթե հաջորդ «ցիկլում» մեկնումեկի մոտ ցանկություն է առաջանում այդ վերքերը թարմացնել, ապա նրա այդ խելահեղ ցանկությունը շատ հեշտ է իրակականում:

Այսօրվա նախագահի 7 թեկնածուների մեջ կա՞ որեւէ մեկը, որն առաջնորդվում հասարակությունը բաժանելու եւ դրանով իր ամբիցիաները բավարարելու ցանկությամբ: Կարծես թե չկա: Իսկ արդյո՞ք նրանք կփոխեն իրենց դիրքորոշումը, ցույց կտան մոտակա օրերը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նկարում,՝բացի մկից, մնացածը կարծես սգո արարողության են ներկա: Հեռուստացույցով ավելի
    պարզ էր երևում: Մուկն էլ երևի դեռ տաք, տաք է, չի հասկանում գլխներին գալիքը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728