Ավարտվում են ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման աշխատանքները, եւ ակնհայտ է դառնում մի բան՝ «ոչ մրցակցային» ընդդիմության այն թեկնածուն, ում մասին ի սկզբանե կասկածներ էին հայտնվում, թե 2-5-րդ տեղերի համար պայքարի արդյունքում ո՞ր հորիզոնականը կզբաղեցնի, ավելի շատ ձայն է հավաքել, քան 2008 թվականին ընդդիմության «հաղթող» թեկնածուն:
Այս պահի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հավաքած ձայների քանակով ` 536 769, իշխանության թեկնածուին չի հաղթում, բայց գերազանցում է 2008-ի ընդդիմության երկու թեկնածուներին միասին վերցրած՝ Վահան Հովհաննիսյանին՝ 100 966 ձայն եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ 351 222:
Շարունակելով համեմատականը նախորդ ընտրությունների հետ, որին մասնակցում էր 9 թեկնածու՝ ներկայիս 7-ի փոխարեն, պիտի նկատենք, որ ընդդիմությունն այն ժամանակ ուներ երկու լուրջ թեկնածու՝ Արթուր Բաղդասարյանը, որը հավաքեց 272 427 ձայն, կամ ձայների 16.69% եւ Լեւոն Տեր- Պետրոսյանը, որը հավաքեց 351 222 ձայն, կամ ձայների 21.51%-ը: Եվս մեկ թեկնածու այն ժամանակ կարողացավ հաղթահարել 5%-ի շեմը, խոսքը Վահան Հովհաննիսյանի մասին է, ով 6,18% էր հավաքել:
Այս ընտրություններում իշխանության դեմ պայքարողների մեջ Րաֆֆի Հովհաննիսյանը կտրուկ առանձնացավ՝ նա արդեն իսկ 36,72% նախնական արդյունք ունի:
Կարդացեք նաև
Նախորդ ընտրություններին մասնակցում էր նաեւ Արման Մելիքյանը, որն այն ժամանակ հավաքել էր ընդամենը 4399 ձայն կամ ձայների 0.27%-ը: Այս անգամ պարոն Մելիքյանը գրեթե 1000 ձայն ավելի քիչ ունի՝ այս պահի դրությամբ՝ 3506 :
Այս ընտրությունների մրցավազքը կեսից լքած Արամ Հարությունյանը նախորդ ընտրություններում կարողացել էր ընտրողներից «պոկել» 2892 ձայն՝ 0.18%, պարզ չէ, թե ինչքան կլիներ նրա օգտին ձայն տվողների քանակը հիմա, եթե պարոն Հարությունյանը չորոշեր դուրս գալ մրցապայքարից:
Եթե նախորդ ընտրություններում առնվազն չորս թեկնածու հաղթահարեց 5%-ի շեմը՝ Սերժ Սարգսյանը՝ 862 369 ձայն (52.82%), Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 351 222 ձայն, կամ ձայների 21.51%-ը, Արթուր Բաղդասարյանը եւ Վահան Հովհաննիսյանը (համապատասխանաբար՝272 427 կամ 16.69% եւ 100 966 ձայն կամ 6,18%) , ապա այս ընտրություններում 5%-ի շեմը հաղթահարում են միայն Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հրանտ Բագրատյանը այս պահի դրությամբ ունի ձայների ընդամենը 2,14%-ը, եւ գրեթե բացառված է, որ այդ թիվը հասնի 5%-ի:
Մնացած թեկնածուների մասին խոսելն ավելորդ է, Հայրիկյանի ձայները 1%-ից մի փոքր են ավելի, իսկ մյուս երեք թեկնածուներին՝ Վարդան Սեդրակյան, Արման Մելիքյան եւ Անդրիաս Ղուկասյան, տված ձայները նույնիսկ 1%-ի չեն հասնում: Նախորդ ընտրություններում 5%-ի սահմանր չէին հաղթահարել ոչ միայն Արման Մելիքյանն ու Արամ Հարությունյանը, այլեւ՝ Վազգեն Մանուկյանը՝ 26 075, (1.29%), Տիգրան Կարապետյանը՝ 9792 (0. 60%) եւ Արտաշես Գեղամյանը՝ 7524, (0.46%):
Մնաց հիշենք միայն անցած ընտրություններում հաղթած իշխանության թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի ձայների քանակը՝ 862 369 ձայն կամ քվեարկածների ձայների 52.82%-ը, եւ նկատենք, որ այս պահի դրությամբ թեեւ պարոն Սարգսյանի հավաքած ձայների քանակը պակաս է, քան նախորդ անգամ՝ 857 827, սակայն տոկոսային հարաբերությամբ ավելի շատ է՝ 58, 68%:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ