Գյումրու Մալայա Զեմլյա թաղամասի մի խումբ մարդիկ աղոթում են, որ Սերժ Սարգսյանը չվերընտրվի նախագահ
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու խուլ թաղամասերից մեկում` այսպես կոչված Մալայա Զեմլյայում, բացահայտ ընտրակաշառք էին բաժանում`ընտրատեղամասից մի քանի քայլ հեռավորության վրա ընտրողներին մուծվում ու ուղեկցում դեպի քվեարկության:
Հակառակ դրան, մի խումբ մարդիկ հավաքվել էին շենքերից մեկի մոտ ` ամոթանք տալով ընտրակաշառք վերցնողներին: Տեսնելով հավաքվածներին` մենք շարժվեցինք դեպի նրանց կողմ` մտածելով, թե այդտեղ գոյացած հերթը ընտրակաշառքի համար է: Սակայն ճիշտ հակառակ տրամադրություններ լսեցինք` ընտրակաշառքի, նախագահի բարոյական կերպարի, խոպան գնալու և այլնի մասին:
Նախքան այս մարդկանց մոտենալը՝ թիվ 21 մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասի դիմաց հանդիպեցինք մի թոշակառուի` Ռոբերտ Գրիգորյանին, որից հետաքրքվեցինք, թե ի ՞ նչ դրական փոփոխություններ է ակնկալում նախագահական ընտրություններից: «Սերժը չպտի անցնի, հարյուր տոկոս եմ ասում, եթե ժողովուրդը գլխով մտածի, ուրեմն Րաֆֆի Հովհաննիսյանը կանցնի 100 տոկոս, ինքը արժանի է, իսկ ՍԵրժը արժանի չէ ու գիտեք ինչի՞ , որովհետև փող է բաժանում: Միլիցիան չգիտի՞ ինչ է կատարվում , ամեն ինչն էլ գիտեն, բայց վախենում են, ինչի՞ց եք վախենում, Սերժը որ ելավ, էլ ո՞վ է , ժողովրդին ծնկի են բերել: Ընտրատեղամասում չեմ տեսել, որ փող բաժանեն, բայց էս շենքերը բաժանել են: Եթե ժողովուրդը փող չունի, թող վերցնե ում որ ուզում է նրան ընտրե, միայն Սերժ չընտրե», -զայրացած ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Մի քանի քայլ հեռավորության վրա մի խումբ մարդիկ մեզ տեսնելով` կատակեցին . «Արքայության պես տեղ ենք ընկել, աղի պես կապրինք , ի՞նչ է եղել: 30 հազար դրամ եմ ստանում, կուզեկուզ կապրիմ, մեռած եմ ու թաղված չեմ: Նախագահից պահանջում ենք լինի ժողովրդասեր ու թասիբ ունենա, տեսնի որ, էսպես հավաքված ենք , գոնե գա բարև տա, հա»:
Կանգնածներից մեկն էլ միջամտեց մեր խոսակցությանը, ասելով. «Քուր ջան հլը Գյումրիին նայեք, էս մեր ժողովուրդը մեղք է , Շիրակի դաշտավայրը Արարատյան դաշտավայր չէ, թող չփոթեն: Էստեղ կանգնածներիս 90 տոկոսը խոպան կերթա ու անընդհատ խաբված հետ կուքա, բա մեղք չե՞նք: Ինձ էլ 16 անձի համար 2 սենյականոց բանակարան կուտան, էսքանից հետո գնամ Սերժ ընտրե՞մ: Հրաժարվել եմ տնիցս»:
Հավաքվածները մեզ վստահեցնում էին, որ իրենց մեջ փող վերցնող մարդ չի եղել, վերջիններս երազում էին, որ նախագահ ընտրվի Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ նրանց մեկնաբանմամբ, Րաֆֆին մինչև հասցնի օլիգարխ դառնալ, տարիներ կտևի, իսկ այդ ընթացքում ժողովրդի վիճակը կբարելավվի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ