Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը կոռեկտության կոչ է աում`«անկախ հույզերի առատությունից»

Փետրվար 18,2013 21:34

«Թե քարոզչական, թե ընտրական ընթացքը ապացուցեցին, որ Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացումն այլեւս անհերքելի փաստ է: Դրա մասին են խոսում նաեւ դիտորդների գնահատականները, որոնց հետ ես անձամբ խոսել եմ, ինչու ոչ, նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հանձնաժողովների անդամները, որոնք հրապարակային ասել են այդ մասին»,- գնահատելով ընտրական գործընթացը՝ քիչ առաջ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`այս ընտրությունները համեմատելով 2008-ի եւ 2012-ի ընտրությունների հետ:

Լրագրողներից մեկի դիտարկմանն ի պատասխան, որ այս ընտրություններում իշխանությունները գերխնդիր ունեին ընտրողների մասնակցություն ապահովել ու այդ պատճառով ավտոբուսներով ընտրողներ էին տարվում տեղամասեր, Շարմազանովն ասաց, որ իշխող քաղաքական ուժի նպատակը եղել է ՀՀ-ում կազմակերպել եւ իրականացնել ընտրություններ, որոնք լավագույնը պետք է լիներ ՀՀ նորանկախ պատմության մեջ: Ասաց, որ իշխող կուսակցոււթյունը խնդիր չի ունեցել հնարավորինս մասնակցություն ապահովելու ու եթե կան նման դեպքեր, որոնք ընտրախախտումներ են, պատկան մարմինները կզբաղվեն դրանցով:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին`կապված ընտրական օրվա ավարտին լրագրողների աշխատանքը խոչընդոտելու եւ քաշքշոցների հետ, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Արդեն դիմում-բողոք եղել է եւ իրավապահները սահմանված կարգով կզբաղվեն: ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը դատապարտում է ցանկացած խոչընդոտ եւ բռնության դեպք`մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հետ կապված»:

Ինչ վերաբերում է Սուքիաս Ավետիսյանի եւ Ռուբիկ Հակոբյանի միջադեպին, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ որեւէ արտառոց բան չի եղել եւ Ավետիսյանը մեկնաբանություններ արդեն արել է. «Սուքիաս Ավետիսյանն իրեն շատ կոռեկտ է պահել: Բոլոր պատգամավորները եւ բոլոր քաղաքական գործիչները, սկսած ինձնից, անկախ իրենց դիրքից եւ իրենց հույզերի առատությունից, պետք է պահպանեն կոռեկտություն եւ ոչ միայն ընտրական տեղամասում»:

Ի դեպ, ՀՀԿ կենտրոնական շտաբում է գտնվում նաեւ ՀՀ գործող նախագահ, ՀՀ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728