Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը կրկին ընդգծում է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կարեւորությունը

Փետրվար 18,2013 20:26

Պաշտոնական Բրյուսելը, ինչպես ասված է Եվրամիության կառավարության (Եվրոպայի խորհդրի)` այսօր տարածած հայտարարության մեջ, ուշադրությամբ հետեւում է հայաստանյան ընտրություններին եւ կրկին ընդգծում դրանք միջազգային չափանիշներին եւ արեւմտյան դիտորդների հանձնարարականներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը։

Փաստաթղթում Եվրամիության արտգործնախարարները վերլուծում են կառույցի հարաբերությունները Արեւելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ եւ առանձնացնում առաջիկա անելիքներն ու գերակայությունները։

Ըստ այդմ` Բրյուսելը եւս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնում խորացնել հարաբերությունները նորանկախ այս պետությունների հետ` սակայն, պայմանով, որ վերջիններս հարգեն իրենց ստանձնած պարտավորությունները ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու ազատ շուկայական հարաբերությունների ոլորտում։

«Հենց այս  բարեփոխումներով են պայմանավորված այդ երկրների հարաբերությունները Եվրամիության հետ», – ընդգծում է Բրյուսելում ընդունված փաստաթուղթը՝ մանրամասնելով, թե առավել շահեկան վիճակում կհայտնվեն այն պետությունները, որոնք ավելի ակտիվ կլինեն իրենց բարեփոխումներում։

Փաստաթղթում նշվում է, որ անցած տարվա ընթացքում Հայաստանը, Վրաստանն ու Մոլդովան արդեն իսկ շահել են «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքից. կատարված բարեփոխումների դիմաց, մասնավորապես, այս երեք պետությունները մյուսներից ավելի շատ գումար են ստացել եվրոպական կառույցներից։

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Բրյուսելը հիշեցնում է եվրոպական մեծ ընտանիքի հետ ասոցիացված հարաբերություններ հաստատելու, ինչպես նաեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու՝ խոստումնալից հեռանկարը, եւ կոչ անում ակտիվացնել ջանքերն այս ուղղությամբ։

Ավելին, պաշտոնական Բրյուսելը հայտարարում, թե պատրաստ է ընդհանրապես վերացնել վիզային ռեժիմն այս երկրների հետ՝ անհրաժեշտ բարեփոխումների դեպքում։

«Անցումը առանց վիզայի ռեժիմի կիրականացվի համապատասխան ժամկետներում եւ պայմանով, որ մինչ այդ կկատարվեն Եվրամիության առաջադրած պայմանները անվտանգության եւ տեղաշարժի կազմակերպման վերաբերյալ», – ասվում է փաստաղթում՝ առանց, այդուամենայնիվ, կոնկրետ ժամկետներ մատնանշելու։

Հեղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728