Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը Կապանի ընտրատեղամասերում ընտրախախտումներ է արձանագրել

Փետրվար 18,2013 20:16

Z-2Այսօր կեսօրից Կապան այցելած Զարուհի Փոստանջյանը Կապանի ընտրատեղամասերով շրջելիս մի շարք ընտրախախտումներ է արձանագրել: Տիկին Փոստանջյանի փոխանցմամբ` իր այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերի հարակից տարածքներում տղամարդկանց հսկայական կուտակումներ են եղել. ցուցակներով մարդկանց, մեքենաներում նստած եւ ընտրությունների ընթացքի մասին հեռախոսազանգով պարբերաբար ինֆորմացիա հաղորդող անձանց է նկատել:

«Ձորք թաղամասի մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասի առջեւ զորամասի հրամանատարը քաղաքացիական հագուստով նստած էր եւ սպասում էր քվեարկության գնացած զինվորներին, պարզ երեւում էր, որ նա իր ներկայությամբ փորձում էր ազդեցություն գործադրել զինվորների վրա, որն անօրինականություն է: Բացի այդ, ընտրատեղամասի հարակից տարածքում բազմաթիվ կուտակումներ կային, որն օրենքով նախատեսված չէ», – փոխանցեց տիկին Փոստանջյանը:

Նա եղել է նաեւ Շինարարներ թաղամասի թիվ 38\12 ընտրատեղամասում, որտեղից մինչ այդ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգ էր հնչեցվել: Տեղում արձանագրել է, որ ընտրատեղամասի դիմաց ընտրության գործընթացի հետ կապ չունեցող տղամարդկանց կուտակումներ կային: «Հսկայական քանակությամբ տղամարդիկ էին հավաքված: Ակնհայտ էր, որ իրենք շահագրգռված ինչ-որ գործառույթներ են իրականացնում, համոզված եմ, որ այդ գործառույթները հենց գումար բաժանելն է, որովհետեւ զգացվում էր այդ ամենը: Իսկ Սյունիք գյուղական համայնքի թիվ 38\37 ընտրատեղամասի մոտակայքում մեքենաների հոծ կուտակումներ կային: Գյուղապետը, ով նախագահ Սերժ Սարգսյանի վստահված անձը ներկայացավ, այլ մարդկանց հետ տեղամասի մուտքի անմիջապես դիմացն էր կանգնած, եւ ակնհայտ երեւում էր, որ բնակիչներին ուղղորդում էին, թե ինչ պետք է անեն: Նույն թեկնածուի մեկ վստահված անձ էլ ներսում էր գտնվում», – տեղեկացրեց Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ մեկ այլ ընտրախախտում էլ արձանագրել էր հենց ընտրատեղամաս ներս մտնելուց, երբ նկատեց, որ ընտրությունների հետ կապ չունեցող 3 անձնավորություն առանց համապատասխան թույլտվության տեղամասում հետեւում էին ընտրությունների ընթացքին:

Վերջիններս պատճառաբանեցին, թե իբրեւ վստահված անձի համար ինչ-որ բան էին բերել, եւ միայն ոստիկանների միջամտությամբ թողեցին ընտրատեղամասը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728