Այսօր Մեդիա կենտրոնում «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը լրագրողներին հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի 1000-ից ավել վստահված անձ. «Նախապատվություն ենք տալիս այն տեղամասերին, որտեղ խախտումների առավել մեծ վտանգ կա, օրինակ` փոքր գյուղերում: Ճիշտ է, որոշ տեղամասերում չունենք վստահված անձեր, փոխարենը` կան հանձնաժողովների անդամներ»:
Խուրշուդյանի փոխանցմամբ` վերջին մի քանի ժամվա ընթացքում կրկնապատկվել են ընտրատեղամասերում գրանցված խախտումները. «Այս երկիրը կարծես զավեշտալի երազի մեջ է, նման ծավալով ընտրախախտումներ չեն եղել: Որոշ ընտրատեղամասերում լցոնումներ են եղել, իսկ գյուղերում` բաց քվեարկության դեպքեր: Նաեւ կեղծ անձնագրեր են բացահայտվել: Ստացել ենք ահազանգեր, որ որոշ անձնագրերում դրոշմակնիքն առանց միջամտության ցնդել է երկու ժամ անց»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ