«Ընտրություններին այլեւս չեմ մասնակցելու, եթե կարեւորում են իմ ձայնը, դրանից վեր թող դասեն իմ իրավունքները»,-ասում է հաշմանդամություն ունեցող Կ. Պետրոսյանը
Կ.Պետրոսյանը, որը առաջին կարգի հաշմանդամ է եւ տեսողության խնդիր ունի, այսօր առավոտյան մեծ դժվարությամբ է հասել թիվ 51 դպրոցում տեղակայված ընտրատեղամաս` ՀՀ նախագահ ընտրելու համար:
Կ.Պետրոսյանի խոսքերով, իր բնակարանից մինչեւ ընտրատեղամաս` մոտ 500 մետր հեռավորություն է, սակայն այդ ճանապարհը հաղթահարելը հեշտ չի եղել. «Այս անգամ էլ քաղաքացիական պարտքս կատարելու գնացի հարազատներիս օգնությամբ: Սա առաջին դեպքը չէ, որ հաշմանդամներին անտեսում են, ոչ էլ վերջինն է»: Այս քաղաքացին նույն խնդիրն ունեցել է նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ:
Իր իրավունքները գոնե այս անգամ պաշտպանելու համար, Կ.Պետրոսյանը այս ընտրություններից առաջ գրավոր դիմել է Արաբկիր համայնքի պատասխանատուներին՝ իրեն եւ նույն դժվարություններն ունեցող հաշմանդամ մարդկանց` փոխադրամիջոց տրամադրելու խնդրանքով: Քաղաքացին, ինչպես ինքն է պատմում, միաժամանակ նաեւ դիմել է տարածքի ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին, որը նույնպես խոստացել էր առանձին փոխադրամիջոց տրամադրել, սակայն խոստումը հենց խոստում էլ մնացել էր: Կ.Պետրոսյանի դիմումին ի պատասխան, համայնքի պատասխանատուները մերժումը հեռախոսազրույցով հիմնավորել են, թե փոխադրամիջոցի տրամադրումը կդիտվի որպես ընտրակաշառք:
«Այս խնդրի մասին խոսում են ամեն ընտրություններից առաջ, սակայն միայն խոսում են, իսկ կոնկետ գործողություններ չկան: Ես կույր եմ. տեղաշարժման խնդիրը ինձ համար, ասենք թե, այնքան էլ մեծ չէ, իսկ ինչ ասեն այն հաշմանդամ մարդիկ, որոնք անվասայլակով են, իրենց մասին ո՞վ պիտի մտածի, երեւի հարազատները, թե չէ պետության համար մեկ է: Հարազատներս են ինձ բերել ընտրատեղամաս, այլապես գալ չէի կարողանա: Ընտրություններին այլեւս չեմ մասնակցելու, եթե կարեւորում են իմ ձայնը, դրանից վեր թող դասեն իմ իրավունքները»,- ասաց Կ. Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Աննա ԹԱՄԱՄՅԱՆ