Ոստիկանները, հանձնաժողովի քարտուղարն ու նախագահը խոչընդոտեցին նկարելու՝ «Գազելով» բերման ենթարկված կանանց քվեարկությունը
Նորագյուղի 9/27 եւ 9/28 ընտրատեղամասերը տեղակայված են նույն դպրոցի շենքում: Մի խումբ լրագրողներով թիվ 9/28 ընտրատեղամասից դուրս գալուց հետո ականատես եղանք, թե ինչպես է մի «Գազել» մոտենում ընտրատեղամասին ու 7-8 կանայք իջնում, մտնում են ընտրատեղամաս:
Նրանց հետեւից մտնելով տեղամաս, փորձում էինք արձանագրել, թե ովքեր են այդ կանայք ու արդյո՞ք քվեարկում էին իրենց անվան դիմաց: Սակայն հանձնաժողովի քարտուղարը վրա պրծավ ու հորդորեց նախ բարեհաճել գրանցվել, հետո լուսանկարել ընտրատեղամասը: Մինչ մենք ցույց տվեցինք «Առավոտի» փաստաթուղթն ու հորդորեցինք գրանցել, հանձնաժողովի նախագահը մոտեցավ, արգելեց լուսանկարել: Ավելին՝ տեղամասում իսկական շոու սարքեցին, նետելով, որ հիմա մի արձանագրություն են կազմելու «Առավոտի» լրագրողի դեմ ու գրեն, որ ես ընտրացուցակներն եմ լուսանկարում, ինչի իրավունքը չունեմ: Այդ ընթացքում «Գազելի» կանայք արագ ստանում էին քվեաթերթիկն ու մտնում քվեախուց:
Մեր բազմաթիվ խնդրանք հորդորներին, որ արագ գրանցեք մեզ ու թույլ տվեք աշխատել, որ «Գազելով» մարդկանց են բերման ենթարկել՝ հանձնաժողովի քարտուղարը, նախագահը՝ խոչընդոտելու համար մեր աշխատանքը, կանչեցին ոստիկանների:
Կարդացեք նաև
Մի խումբ ոստիկաններ վրա հասան ու սկսեցին գոռալ, թե՝ բարեխիղճ չեք աշխատում, ջահել աղջիկ ես, դեմս կանգնել, սուտ ես խոսում, ես անձամբ քեզ տեսա, որ ընտրացուցակները եւ ընտրատեղամասը նկարում էիր՝ առանց գրանցվելու:
Որքան էլ փորձեցինք համոզել, որ որեւէ կադրում ընտրացուցակները չկան, ոստիկանները՝ 7-8 հոգով հորդորեցին կադր առ կադր շրջել, նույնիսկ տեսանյութերը դիտեցին, նոր բաց թողեցին:
Այդ ընթացքում «Գազելով» կանայք քվեարկեցին՝ դուրս եկան:
Կանանց դուրս գալուց հետո նոր միայն հանձնաժողովի քարտուղարը գրանցեց մեզ ու թույլտվություն տվեց աշխատել իրենց ընտրատեղամասում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ