«Ընտրությունը քոնն է» հ/կ նախագահ Հարություն Համբարձումյանը այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 1400 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության դիտորդները մինչ ժամը 12:00-ն ընտրողների կողմից պասիվություն են արձանագրել. «Ներկայումս արդեն ակտիվություն է նկատվում, բայց, օրինակ, Եղեգնաձոր քաղաքում շարունակվում է պասիվությունը: Հիմնականում դիտարկելու ենք մեծ քաղաքները եւ այն համայնքները, որոնք ունեն մեկից ավել ընտրատեղամասեր»:
Համբարձումյանի խոսքով. «Դիտորդներից ստացել ենք խախտումների եւ թերությունների մասին հաղորդումներ, բայց դեռեւս չեմ ասի կոնկրետ օրինակները, քանի որ ընտրությունը շարունակվում է: Նկատվել են նույն անձի կողմից կրկնակի քվեարկության փորձեր: Նորքի տեղամասերից մեկում կես ժամով դադարել են ընտրությունները, քանի որ չհրկիզվող պահարանի բանալին է կոտրվել: Բացի այդ, պատահել են ցուցակում իրենց անունը չգտած ընտրողների դեպքեր: Կապանի տեղամասերից մեկում մի անձ ցուցակով ներկա բացակա էր անում` ասելով, թե ճշտում է` իր հիմնարկի աշխատողները գալիս են, թե` ոչ: Երբ դիտորդը ցանկացել է հիմնարկի անունը իմանալ, անձը չի պատասխանել հարցին: Տեղամասերից մեկում էլ մի անձ մի քանի անգամ օգնել է քվեարկել «անկարող» ընտրողներին, ինչը արգելվում է: Եղել է նաեւ նույն թեկնածուի միաժամանակ երկու կամ երեք վստահված անձի ներկայություն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ