Լրահոս
Օրվա լրահոսը

«Արջերից պրծում չունենք». քաղաքագետները մեկնաբանում են ընտրությունների ընթացքը

Փետրվար 18,2013 18:03

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետները ներկայացնում են ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի վերաբերյալ իրենց գնահատականները:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Կարծում եմ, որ հիմնականում խախտումները դեռ տեխնիկական են: Ահազանգում են մարդկանց ուղղորդված կուտակումների մասին»:

Պարոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ ԶԼՄ-ները փորձում են սենսացիա փնտրել, ուստի պատկերն «այնքան էլ օբյեկտիվ չէ»:

Խոսելով այս ընտրության առանձնահատկությունների և օրինաչափությունների մասին՝ քաղաքագետը նշեց. «Գլոբալ առանձնահատկություն չեմ տեսնում: Թանաքների հարցը այս անգամ էլ բարձրացավ, այս անգամ մարդիկ պարզապես վերացնում էին դրանք՝ վնասելով անձնագրերը: Դա ապօրինի քայլ է: Չեմ կարող մերժել, որ քարոզչական փուլը լավ կազմակերպված էր: Հուսանք, որ ընտրությունների ժամանակ ևս նման տրամադրություններ կգրանցվեն»:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը ևս քվեարկել է: Նա մտահոգիչ համարեց այն, որ մեծ հոսք կա ԶԼՄ-ներում տարբեր կարգի ահազանգերի, խախտումների վերաբերյալ: Այնուհետև նա մեկնաբանեց. «Իշխանությունն ասում է, որ արջի ծառայություն մատուցողներ կարող են լինել: Տեսնում ենք, որ արջերից պրծում չունենք: Ում են ծառայում ու ինչին են ծառայում, դա ժամանակը ցույց կտա: Ամեն ինչին կտրվի տրամաբանական լուծում: Համենայնդեպս, տեսնում ենք, որ ամեն ինչ չէ, որ բարվոք է: Փաստենք, որ իշխանության գործողությունները և խոսքերը նույն բանը չեն»:

Պարոն Մեհրաբյանի կարծիքով՝ պետք է ընտրությունները դիտարկել այն հարթության վրա, թե արդյոք դրանք օրինական ու լեգիտի՞մ են, թե՞ ոչ, դա մարդկա՞նց ընտրությունն է, թե՞ ում, այն իրոք ընտրությո՞ւն է, թե՞ ընտրության իմիտացիա:

Անդրադառնալով դիտորդական առաքելությունների աշխատանքին՝ պարոն Մեհրաբյանը նկատեց. «Էլի տեսնում ենք, որ ԱՊՀ դիտորդներից ինչպես մյուս բոլոր ընտրություններում ողջ ԱՊՀ-ում, այս անգամ ևս որևէ նկատողություն կամ դժգոհություն չի եղել: Իրենք ձրիակերի նման հերթական տեղը՝ Հայաստան են եկել ման գալու: Իսկ հայաստանյան ընտրությունը ընտրություններից հետո է: Ի վերջո, այս աղբից ձերբազատվելու ժամանակը վաղուց եկել է արդեն: Արջերը շատ են, տարբեր հայտնի կենդանիներն էլ են շատ և պետք չէ, որ նրանք մարդկանց կառավարեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728