Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն՝ հաստատված ահազանգերի մասին

Փետրվար 18,2013 17:54

ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը քիչ առաջ ներկայացրեց այսօր իրավիճակային վերլուծությունների կենտրոն ստացված ահազանգերի վերաբերյալ իրենց ստուգումների արդյունքները: Նրա խոսքերով, ստուգել են 50 ահազանգ-տեղեկատվություն, եւ տեղեկությունները ստուգել են ոչ միայն հանձնաժողովների նախագահներից, այլեւ՝ տեղամասերի դիտորդներից ու նախագահի թեկնածուների վստահված անձանցից:

Այս պահին, իրավիճակային վերլուծության կենտրոնը հաստատել է միայն մեկ ահազանգ-ընտրախախտում: Տիկին Հովհաննիսյանի խոսքերով. «Թիվ 32 ընտրատարածքում ընտրողներից մեկը հայտարարել է՝ ում օգտին է քվեարկել, օրենքով արգելվում է քվեարկության սենյակում հայտնել քվեարկության մասին: Չնայած այս դեպքում, ընտրողը դուրս է եկել, քվեաթերթիկը քվեատուփ գցելուց հետո է հայտարարել, բայց նրան արագ դուրս են բերել տեղամասից»:

Անդրադառնալով առավոտից Ավանի տեղամասերում քվեատուփի ճեղքերի մասին լուրերի շրջանառությանը, ասաց, որ 1988 տեղամասային կենտրոններում էլ միանման տուփեր են, որոնք կիրառվում են

2007 թվականից:

39/5 տեղամասում լցոնման փաստերի վերաբերյալ ահազանգին անդրադառնալով՝ տիկին Հովհաննիսյանն ասաց, որ տեղամասային հանձնաժողովի նախագահը հերքել է նման տեղեկատվությունը:

Երեւանի 5/8 տեղամասում հանձնաժողովի նախագահը չի գրանցել դիտորդին, ահազանգի հետքերով իրավիճակային վերլուծության կենտրոնը պարզել է, որ դիտորդն իրականում մեքենայի մեջ է թողել. «Նա չի էլ ցույց տվել իր վկայականը՝ պատճառաբանելով, թե մեքենայի մեջ է,ասել է ՝ եկեք ցույց տամ եւ այլն»:

Իրավիճակների վերլուծության կենտրոնը արձագանքել է նաեւ կուտակումների մասին ահազանգին. «Պահանջել ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցները, որ սահմանված թվաքանակը կարողանան ապահովել»:

Ինչ վերաբերում է տեղամասերից մեկում՝ 400 քվեաթերթիկ արդեն քվեարկված կա, պահված, ահազանգին, տիկին Հովհաննիսյանն ասաց, որ կապվել են տեղամասի հանձնաժողովի նախագահի հետ, նա այդ պահին տեղամասային կենտրոնում չի եղել, իսկ հանձնաժողովի քարտուղարը հերքել է նման տեղեկատվությունը: Ի դեպ, «Հարմոնիա» հ/կ-ի դիտորդը հրաժարվել է դեպքի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրել, թեեւ հենց այդ հ/կ-ն է ահազանգը տարածել:

Դեղին պետհամարանիշներով գազելներով Նորագյուղ տեղափոխվող ընտրողների վերաբերյալ ահազանգի մասին էլ տիկին Հովհաննիսյանն ասաց, որ Ընտրական օրենսգիրքը կարգավորում է բացառապես միայն ընտրական գործընթացները, իսկ կազմակերպման, տեղափոխման եւ այլ գործընթացները վերահսկելու լիազորություններ չունեն:

Տիկին Հովհաննիսյանը վերջում հավելեց, որ այս պահի դրությամբ, ԿԸՀ- ն գրավոր բողոք, դիմումներ չի ստացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728