Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները ընթանում են համատարած խախտումներով. Արթուր Սաքունց

Փետրվար 18,2013 17:26

«Խախտումները կրում են կազմակերպված բնույթ»

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը դիտարկում է այսօր ընթացող նախագահական ընտրությունները, Վանաձորի եւ Լոռու մարզի, Տավուշի մարզի գյուղական առանձին համայնքներում արդեն իսկ ընդհանուր պատկեր ունի օրինախախտումների:

«Առավոտ»-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ամրագրեց, որ այն եզրահանգումն ու տպավորությունը, որ երկարաժամկետ դիտորդական առաքելության ընթացքում ձեւավորվել էր, ինչպես նաեւ այն տեղեկատվությունները, որոնք ստացել էին ավելի վաղ, ըստ էության, այսօր՝ քվեարկության օրը հաստատվեցին:

«Հիմնական խնդիրը այն է, որ իշխանությունները ամեն գործոններ գործադրում են, որպեսզի ապահովեն ընտրություններին ցուցակային թվից կեսից ավելիի մասնակցություն: Մենք ունենք տեղեկատվություն, Լոռու մարզի՝ 70 տոկոս մասնակցության մասին: Սա հիմնական գերնպատակն է այս պահին: Այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել այդ թվականի ապահովմանը, դրանք են՝ ընտրակաշառքը, ընտրողներին բերման ենթարկելը, տեղափոխումը ընտրական տեղամասեր, ընտրողների ազատ կամքի վրա վերահսկումը, լցոնումները: Այս անգամ նոր մեխանիզմ կիրառեցին, դա լրացուցիչ ցուցակների հանգամանքն էր: Ըստ էության, լրացուցիչ ցուցակները մեզ համար դժվար վերահսկելի են, որովհետեւ, եթե հիմնական ցուցակները գոնե համացանցում կան եւ կարող էինք թեկուզ դժվարությամբ, բայց համեմատել արդյոք նույն մարդը մի քանի տեղ գրանցվա՞ծ է, թե՞ ոչ, ապա լրացուցիչ ցուցակները ներկայացված չեն, այսինքն, հիմնավոր կասկածներ կան, որ նույն մարդը կարող է մի քանի ցուցակում ընդգրկված լինել: Ինչպե՞ս համեմատենք, դրա հնարավորությունը չկա», -պարզաբանեց Արթուր Սաքունցը:

Ա․ Սաքունցը նշեց նաեւ թեկնածուների միջեւ անհավասարությունը, որը դրսեւորվել է վարչական, ֆինանսական, մարդկային ռեսուրսների անհավասարությամբ․ «Հիմա ընտրական տեղամասերում, բացի Սերժ Սարգսյանից, մնացած թեկնածուները վստահված անձ, որպես կանոն, չեն ունենում: Որ տեղամասերում մենք դիտորդներ ունենք, կան Սերժ Սարգսյանի վստահված անձինք, հանձնաժողովի անդամները, մեր դիտորդները, լավագույն դեպքում հնարավոր է լինի «Ընտրությունը քոնն է» կազմակերպության դիտորդը եւ որպես դիտորդ հանդես է գալիս, օրինակ, այդ դպրոցի հաշվապահը: Իրական վերահսկողություն հնարավոր խախտումները կանխարգելելու համար՝ չկա», նշեց նա:

Հաջորդը պարոն Սաքունցը մատնանշեց ոստիկանության գործոնը. «Ինչպես նախընտրական քարոզչության ընթացքում, այնպես էլ հիմա ոստիկանության աշխատակիցները կանխամտածված անգործությամբ, շահագրգիռ ղեկավարման եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետեւանքով հանգեցնում են նրան, որ հենց ընտրական տեղամասերի տարածքների հարակից տարածքներում կոնկրետ մարդիկ կան, որոնք ղեկավարում են թե՛ տեղեկատվության հոսքը՝ ովքեր են եկել քվեարկության, ովքեր չեն եկել, թե՛ ընտրողներին բերման ենթարկելը, թե՛ որոշակի շահագրգռումը ընտրողներին: Օրինակ, քվեարկության սենյակից ընտրողները դուրս են գալիս եւ մեքենային են մոտեցնում մի հինգ-վեց հոգով: Հետո գալիս է մյուս խումբը: Այսինքն, բոլոր միջոցները գործադրվում են, որպեսզի թիվ ապահովեն»։

Հաջորդ մարտահրավերը, ըստ Ա․Սաքունցի, կլինի արդեն քվեարկության ավարտից հետո արդյունքների ամփոփման փուլը, որի վերաբերյալ մտահոգություն ունեն, որ թիվը ապահովելուց հետո կգնա արդեն «արդյունքների հնարավոր դասավորելու փուլը», իսկ հատկապես այնտեղ, որտեղ վերահսկելու ռեսուրս չկա՝ ամեն ինչ հնարավոր է: «Այս տեսանկյունից, մտահոգիչ է հանձնաժողովների միատեսակ վարքագիծը, ճիշտ է, անունով բազմակուսակցական են, բայց փաստացի ես չտեսա այդ բազմակուսակցականության միտումը: Հանձնաժողովները ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա կամք չեն դրսեւորում կանխարգելելու խախտումները: Որոշ դեպքերում մենք արձանագրել ենք լցումներ, մեր դիտորդներին չկամությամբ ընդունելը, դիտորդների վրա ճնշում գործադրելը՝ անհեթեթ պատճառաբանություններով մթնոլորտը թեժացնելու դեպքեր»:

Անձնագրերի կնիքների մաքրման դեպքերին անդրադառնալով՝ պարոն Սաքունցը նշեց, որ Ստեփանավանից, հանձնաժողովի անդամից տեղեկացել է, որ թաց անձեռոցիկով ընդհանրապես մաքրվում է կնիքը․ «Այսինքն, եւս մի մեխանիզմ է, որի օգնությամբ նույն ընտրողը կարող է քվեարկել նաեւ լրացուցիչ ցուցակով»:

Անդրադառնալով ոստիկանության արձագանքին՝ այս կապակցությամբ նա նշեց, «Փոխանակ մտահոգվեն, որ թանաքի վերացման հետ կապված ընտրողը կարող է երկրորդ անգամ ընտրել, փոխանակ մտածեն, որ կրկնակի քվեարկումներ, «մարդկային կարուսել» չլինի, շատ մտահոգված են անձնագրո՞վ: Սա խոսուն վկայություն է այն մասին, որ ոստիկանությունը իրապես տրամադրված չի ընտրական հնարավոր խախտումները կանխարգելելուն», -նշեց Ա․Սաքունցը:

Այսպիսով, նախնական ի՞նչ գնահատական կտա վերոնշալ պատկերը հիմք ունենալով, հարցրեցինք Արթուր Սաքունցին․ «Ընտրությունները ընթանում են համատարած խախտումներով, անպատժելիության մթնոլորտում, խախտումները կրում են կազմակերպված բնույթ եւ իմ միանշանակ եզրակացությունն այն է, որ իշխանությունների կողմից հովանավորվում է ընտրախախտումների պրոցեսը»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728