Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանն ուրախացել է, որ իր անունը տեսել է (Տեսանյութ)

Փետրվար 18,2013 17:07

Hayrikyan_4 Hayrikyan_2 Hayrikyan_1 Hayrikyan_5 ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Կոտայքի մարզի Գողթ գյուղում ընտրեց ՀՀ ապագա նախագահին` Պարույր Հայրիկյանին: Հարցին, թե ի՞նչ զգացողություն ուներ ընտրություն կատարելու պահին, պարոն Հայրիկյանն ասաց` «Ուրախացա, որ իմ անունը տեսա»:

Թեկնածուն ընտրատեղամաս ժամանեց ժամը 15-ին` մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ, ասաց, որ ինքնազգացողությունը լավ է: Հարցին, թե որքա՞ն եք գնահատում ընտրվելու շանսերը, պարոն Հայրիկյանն ասաց/ «Դա ինձ չի հետաքրքրում, դա առողջ մարդկանց պետք է հետաքրքրի, ես իմ պարտքը կատարեցի, մնացածը` առողջ մտածելակերպով մարդիկ պետք է խորհեն, տարբեր բաներ կա մտածելու»:
Ընտրախախտումների մասին լուրեր Պարույր Հայրիկյանին էլ է հասել, բայց որեւէ ստույգ տեղեկություն թեկնածուն չուներ: Ըստ նրա` «Ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, ես նման հարցերով չեմ զբաղվում»:
Հայրիկյանը վստահ է, որ «կգա ժամանակ՝ Հայաստանում էլ ընտրությունները տոն կլինեն»:

Թեկնածուի կարծիքով. «Ընտրություն նշանակում է, որ քաղաքացին տերն է եւ եկել է քվեաթերթիկի միջոցով որոշելու, թե ով ավելի լավ իրեն կծառայի, առայժմ այդ հոգեբանության վիճակին դեռ չենք հասել, ես ուզում էի, որ այդ փոփոխությունները կատարելով, Հայաստանն իսկապես դարձնենք աշխարհի ամենաբացառիկ երկիրը, բայց դա կախված է մեր քաղաքացիներից` ստամոքսով կմտածենք, սրտով, թե` ուղեղով, միայն թե վախի ազդեցության տակ չլինի»:

Հայրիկյանի մեկնաբանությունները` տեսանյութում.

Թիվ 27/25 ընտրատեղամասը, որտեղ իր օգտին քվեարկեց Պարույր Հայրիկյանը, տեղակայված էր Գողթի դպրոցի շենքում:

Գողթում կա 1466 ընտրող, ժամը 14-ն անց 45 րոպեի դրությամբ Գողթում ընտրություններին մասնակցել էր 476 ընտրող:

Հանձնաժողովի նախագահ Հովսեփ Հովսեփյանը, որը նաեւ Գողթի դպրոցի տնօրենն է, ասաց, որ ԱԺ ընտրությունների համեմատությամբ, այս ընտրություններին Գողթի բնակիչները համեմատաբար պասիվ են: Aravot.am-ի այն դիտարկմանը, թե գուցե այս անգամ ընտրակաշառք քի՞չ են բաժանել կամ չե՞ն բաժանել, հանձնաժողովի նախագահն ասաց` գողթեցիներն անկաշառ են:

Ավելի ուշ, երբ Aravot.am-ը ընտրատեղամասից դուրս զրուցում էր Գողթի տարեց բնակիչների հետ, մեր հարցին, թե ընտրակաշառքի առաջարկ եղե՞լ է, վստահեցրին, որ այս տարի իրենց կաշառք չեն առաջարկել, հարցին, թե եթե տային կվերցնեի՞ք, առանց տատանվելու ասացին` «Որ տային՝ ինչի չէինք վերցնի, բալա ջան»:

Անձնագրից թանաքը ցնդելու դեպք այս ընտրատեղամասում չէր արձանագրվել:

Թանաքն առաջինը փորձարկել են դպրոցի պատին փակցված թղթի վրա եւ մոտ 7 ժամ անց էլ թանաքը դեռ պահպանված էր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728