Մեդիամաքս: The Gallup Organization-ը եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան այսօր Հայաստանի ողջ տարածքում`122 ընտրատեղամասերում, անցկացնում են տեղամասերից դուրս եկող քաղաքացիների հարցում` Exit poll:
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը այսօր Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ խնդիրներ են առաջացել Գյումրիի, Մասիսի եւ Երեւանի մի քանի ընտրատեղամասերում, երբ հարցազրուցավարներին արգելել են շարունակել իրենց աշխատանքը:
«Մեզ հաջողվեց օրենքի շրջանակներում կարգավորել այս խնդիրը, եւ հիմա հարցազրուցավարները շարունակում են բնականոն աշխատանքը», – ասել է Գեւորգ Պողոսյանը:
Ասոցիացիայի մոտ 300 աշխատակիցներ` հարցազրուցավարները, փորձագետները եւ հսկիչները աշխատում են ընտրատեղամասերից մոտավորապես 10 մետր հեռավորության վրա:
Կարդացեք նաև
Մեթոդաբանության համաձայն, հարցազրուցավարները հարցաթերթն առաջարկում են լրացնել ընտրատեղամասից դուրս եկող յուրաքանչյուր 7-րդ ընտրողին: Այնուհետեւ, ինֆորմացիան կենտրոն են ուղարկում են հեռախոսների եւ պլանշետների օգնությամբ:
«Հարցաթերթը պարունակում է 4 հարց` սեռ, տարիք, ե՞րբ է ընտրողը կայացրել իր որոշումը եւ ու՞մ է ընտրել: Ընտրողներն իրենք են լրացնում հարցաթերթը եւ գցում արկղի մեջ», – Մեդիամաքս-ին ասել է Գեւորգ Պողոսյանը:
Գեւորգ Պողոսյանը տեղեկացրել է, որ մինչեւ այս պահը հարցաթերթը լրացնելուց հրաժարվել է հարցված ընտրողների 25-30%-ը:
Ասոցիացիայի նախագահը նշել է, որ իրենք մտադիր են ընդհանուր առմամբ հարցման ենթարկել մոտ 13 000 քաղաքացիների: Exit Poll-ը կդադարեցվի ընտրությունների ավարտից մոտ 30 րոպե առաջ. արդյունքները կհրապարակվեն ժամը 20:00-ին` ArmNews հեռուստաընկերության եթերում: