Լոռու եւ Տավուշի մարզերում դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Մեդիա կենտրոնում Skype-ով հեռախոսազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց, որ մարզերում արձանագրվել են ընտրակաշառքներ բաժանելու դեպքեր` ընտրատեղամասերի հարակից տարածքներում. «Քաղաքացիները ընտրելուց հետո մոտենում են հատուկ մեքենաների եւ ստանում «սպասելիքը»: Ընտրողներին մասսայաբար մեքենաներով բերման են ենթարկում ընտրատեղամասեր, ինչը մեծ կուտակումներ է առաջացնում: Սեփական ավտոմեքենաներով են հիմնականում բերում, արձանագրել ենք այն մեքենաների համարները, որ մեկից ավելի անգամ երեւացել են ընտրատեղամասերում: Իրավապահ մարմինները մատնված են անգործության եւ մատը մատին չեն տալիս կուտակումները եւ կասկածելի գործողությունները կանխելու համար: Բացի այդ, ընտրողները հայտարարում են քվեասենյակում, թե ում համար են քվեարկել, իսկ հանձնաժողովը քայլեր չի կատարում, ոչ մեկ չի ասում, որ քվեարկության գաղտնիության սկզբունքն է խախտվում: Անուններ չեմ տա»:
Սաքունցը մտահոգ է , որ բացի Սերժ Սարգսյանից, մնացած թեկնածուները ընտրատեղամասերում վստահված անձինք չունեն, բացի մի քանի դիտորդներից. «Միջազգային դիտորդների չեմ հանդիպել»:
Սաքունցը նաեւ ասաց, որ ընտրատեղամասերից մեկում Սերժ Սարգսյանի վստահված անձը «Ապահով Հայաստան» կարգախոսով շրջում էր տարածքում: «Դա քարոզչության նյութ է: Իսկ երբ խախտումների մասին ենք հայտնում, հիվանդ պատճառաբանություններ են առաջ բերում եւ դիտորդների հետ չեն համագործակցում: Հանձնաժողովների անդամների վարքագիծը միատեսակ է` անկախ կուսակցական պատկանելությունից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ