Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն իմ խղճի հանգստության համար եմ գնում ընտրության, որ ոչ ոք իմ փոխարեն չորոշի». Երիտասարդներն ընտրությունների մասին

Փետրվար 18,2013 15:32

Այսօր՝ փետրվարի 18-ին, հանրապետությունում տեղի են ունենում թվով վեցերորդ նախագահական ընտրությունները: Առավոտյան 8:00 –ից մինչև 20:00-ն քաղաքացիներն իրավունք ունեն իրենց պարտքը կատարելու՝ ընտրելով ՀՀ նախագահի իրենց թեկնածուին:

Շատ երիտասարդներ այսօր առաջին անգամ են նախագահական ընտրություններին մասնակցելու, ինչպես օրինակ 19-ամյա Գարիկ Հարությունյանը. «Առաջին անգամ եմ ընտրելու երկրիս նախագահին, եթե անկեղծ ասեմ, հույսերս քիչ են, թե իմ ընտրած թեկնածուն կդառնա նախագահ, ամեն դեպքում ամեն ինչ դեռ առջևում է, տեսնենք ինչպես կլինի», – ասում է նա:

22-ամյա Մարինա Սարգսյանն էլ համոզված է՝ լինելու է այն, ինչ պետք է լինի, ասում է. «Ցավով եմ նշում, որ մեր քվեով ոչինչ չի փոխվի, ըստ իս ամեն ինչ արդեն որոշված է, այս ամենը ձևական բնույթ է կրում»: Հարցին, թե այդ դեպքում ինչու՞ է գնում ընտրության, Մարինան պատասխանեց. «Միայն իմ խղճի հանգստության համար եմ գնում, որ ոչ ոք իմ փոխարեն չորոշի. ես ընտրելու եմ նրան, ում իսկապես ցանկանում եմ տեսնել նախագահի պաշտոնում»:

«Մեր թաղամասում երեկ 5000 դրամն էր դռնեդուռ գնում, բայց ի ուրախություն բաժանողների՝ մեր տուն այդպես էլ չեկավ, – ասում է 20-ամյա Սուսաննա Պողոսյանը, – ես երբեք իմ քվեն չեմ վաճառի»:

«Ես հույս ունեմ, որ այս ընտրությունները շատ հաջող ընթացք ու ավարտ են ունենալու, – ասում է 22 –ամյա Գնել Մաթևոսյանը, – դեռ չեմ գնացել ընտրության, բայց շուտով կգնամ ու կընտրեմ նախագահիս»:

21-ամյա Կարինե Հայրապետյանը գիշերն անհանգիստ է քնել, այն մտքով, որ առավոտյան գնալու է քվեարկության. «Ի տարբերություն որոշ քաղաքացիների, ես շատ մեծ լրջությամբ եմ վերաբերվում այս ընտրություններին, – ասում է նա, – անհատապես հետևել եմ բոլոր թեկնածուների գործունեությանը, լրջորեն մտածել ու կայացրել եմ որոշումս, ընտրել եմ նրան, ում հավատում եմ, և հուսով եմ՝ իմ քվեն օգուտ կտա»:

Նշեմ նաև, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ժամը մեկ հրապարակում է տեղեկություններ՝  ընտրողների մասնակցույթան վերաբերյալ:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728