Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ մամուլի խոսնակ. «Չի սազում նախկին վարչապետին եւ նախագահի թեկնածուին…»

Փետրվար 18,2013 15:21

ՀՀԿ-ի արձագանքը՝ կրկնակի քվեարկությունների եւ ընտրակաշառքների ահազանգերին

Այսօր, քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը հայտարարել է իր շտաբի կողմից գրանցված մի շարք ընտրախախտումների մասին: Մասնավորաբար, ըստ նախագահի թեկնածուի, իրենց ունեցած տեղեկություններով՝ Ստեփանավանից, Գյումրիից մարդիկ են բերում մայրաքաղաք՝ լրացուցիչ ցուցակներով քվեարկելու, կրկնակի ընտրություն կատարելու համար: Թեկնածուն նաեւ ասել է, որ հօգուտ իշխանական թեկնածուի ընտրակաշառքներ են բաժանվել եւ այդ մասին ինքն իմացել է նաեւ քարոզարշավային փուլում՝ շրջաններում եղած ժամանակ:

Այս ամենի մասին, Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Այս բոլոր հայտարարությունները, որտեղ խոսք է գնում եւ ոչ թե փաստ, այն մասին, որ կա ընտրախախտում, ես համարում եմ՝ անհեթեթ բամբասանք: Ավելին, երեկ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի շտաբը հանձնաժողովի երկու անդամների մեջտեղում նստելու վստահված անձի իր տեղը զիջել է թեկնածուներ Հրանտ Բագրատյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներին: Եթե իրենք մեր վստահված անձանց եւ հանձնաժողովին չեն վստահում, թող բարի լինեն գնան, նստեն եւ վերահսկեն: Ասելով չի, թող փաստեր ներկայացնեն: Չի սազում նախկին վարչապետին եւ նախագահի թեկնածուին՝ առանց փաստերի նման հայտարարություններ անել»:

Շարմազանովը նկատում է, որ ոստիկանությունը եւ դատախազությունը շատ օպերատիվ աշխատում են, յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի 24 ժամ գտնվել տեղամասում եւ նկարահանումներ իրականացնել: «Խախտում անելը խաղ ու պար չէ: Այնպես որ բամբասանք անելու փոխարեն, պարոն Բագրատյանը եւ Հովհաննիսյանը ճիշտ կանեն օգտվեն այն բարի կամքից, որը ցուցաբերել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, թող օգտվեն այն նվերից, որն արել ենք մենք իրենց եւ վերահսկեն պրոցեսը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ փաստելով, որ միայն ապացուցված խախտումների դեպքում ՀՀԿ շտաբը կարձագանքի:

Նրա գնահատմամբ, մինչ այս պահը, որեւէ լուրջ ընտրախախտման դեպք, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728