Այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ Skype-ով զրույցի ընթացքում Գորիսում դիտորդական առաքելություն իրականացնող` Գորիսի երիտասարդական միության ղեկավար Կարինե Մովսիսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ, մարզում ընտրությունները ընթանում են նորմալ, բնականոն հունով. «Արտառոց ոչ մի բան չենք նկատել, դիտորդներն էլ իրենց տեղում են: Միջազգային դիտորդների չեմ նկատել, տեղական դիտորդներն էլ քիչ են, բայց նաեւ քաղաքացիներն են պասիվ: Որոշ ընտրատեղամասերում մեզ ասացին, որ 14:00-ից հետո են ընտրողներն ակտիվանում, ինչը պայմանավորված է եղանակի տաքանալու հետ: Նաեւ ասացին, որ վիրուսի հետեւանքով հիվանդներ կան, ովքեր օրվա երկրորդ կեսից հետո կքվեարկեն: Ընդհանուր առմամբ` ընտրողների կողմից հետաքրքրության պակաս կա»:
Մովսիսյանն ասաց, որ ընտրատեղամասերից մեկում խափանվել էր դարպասի փականը, եւ դիտորդները մնացել էին ներսում մոտ կես ժամ փակված. «Փականը կոտրված էր եւ ռեզինով ամրացված: Քաղաքացիները դրսից թակում էին դուռը, ներսում գտնվողներն էլ փորձում էին այն բացել: Ի վերջո` հաջողվեց բացել»:
Տիկին Կարինեի խոսքով. «Պասիվ են նաեւ վստահված անձինք, մի երկու տեղ կային, բայց չեմ նկատել, որ մեկը մյուսին փոխարինի: Առավոտյան 09:00-ի դրությամբ, Արփի համայնքում քսան ընտրող կար, բայց այս պահին ավելի ակտիվ են: Մինչդեռ դա այն ակտիվությունը չէ, որ կար ԱԺ-ի եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ