Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի թեկնածու. Միջազգային հանրությունը սատարում է քրեաօլիգարխիկ համակարգը

Փետրվար 18,2013 14:39

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ինքնավնասմամբ ու հացադուլով ինչ-որ բանի հասնելու քաջությունն ամեն մեկին տրված չէ: «Նախեւառաջ պետք է հասկանանք, որ դա ծայրահեղ քաղաքական միջոց է, ուլտիմատում: Եթե մարդը դիմում է դրան, ուրեմն ունի լրջագույն պատճառներ: Որոշ հացադուլների դեպքում մարդիկ իրենց անմիջական իրավունքն են պաշտպանում, իսկ ես հայտարարել եմ հացադուլ, որովհետեւ քաղաքական իրադրությունից ելնելով՝ փորձել եմ հանրային շահը պաշտպանել: Հոգեբանական վիճակը կարեւոր է. պիտի հասկանաս եւ հավատաս, որ ճիշտ ես անում, եւ գիտակցես, թե ինչի համար ես դա անում»,-ասաց նախագահի թեկնածուն:

Նա չհամաձայնեց Aravot.am-ի այն դիտարկմանը, թե հացադուլն էլ յուրատեսակ քարոզարշավ է:

«Ես չեմ համարում, որ դա քարոզարշավ է, որովհետեւ քարոզարշավը քաղաքական ծրագրի վերաբերյալ տեղեկության տարածումն է, գործչի կողմից քաղաքացիների հետ հանդիպումներն են եւ անմիջական շփումը: Ես այդպիսի գործողություններ չեմ արել, փորձել եմ հանրության ուշադրությունը դարձնել այն խնդրին, որ շինծու ընտրություններ են իրականացվում առաջին օրվանից, ինչ հռչակվել է անկախությունը, դրա համար էլ մեր հանրությունը չի ընտրում իր քաղաքական ապագան, եւ այսօր ունի խորին հիասթափություն պետականությունից: Դա վկայում է ճգնաժամի մասին, ինչի շուրջ չեմ ուզում ծավալվել՝ բոլորը գիտեն»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը: Ապա հավելեց. «Ես այս ճանապարհով փորձել եմ ուշադրություն հրավիրել խնդրի վրա՝ մեր եւ միջազգային հանրության, որը նույնպես պատասխանատվություն ունի Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգին սատարելու եւ ընտրություններին գնահատական տալու գործում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728