Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի «Eclips» նավն իր չափերով ցնցել է ամերիկացիներին, իսկ լրագրողներն այն համեմատել են Գուդզոն ծովածոց մտած հսկայական երկնագույն կետի հետ:
Ռուս միլիարդատիրոջը պատկանող նավի` Նյու Յորքի նավահանգիստ մտնելու պատճառներն անհայտ են: Հնարավոր է, դա կապված է նրա կնոջ` Դարյա Ժուկովայի հղիության հետ: CNBC-ի թղթակից Ռոբերտ Ֆրենկը նշում է, թե Աբրամովիչների ընտանիքում գարնանը նոր համալրում է սպասվում: «Հայտնի է, որ Ռոման Աբրամովիչը շատ մեծ կարեւորություն է տալիս իր անձի անվտանգությանը եւ երբեմն իր նավն օգտագործում է որպես ժամանակավոր բնակավայր: Ենթադրվում է, որ «Eclips»-ը Նյու Յորքում կմնա մոտ երեք շաբաթ: Ինչո՞ւ: Անհասկանալի է: Հնարավոր է` Աբրամովիչները ցանկանում են, որ երեխան ծնվի Նյու Յորքում եւ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանա: Մեզ մնում է միայն ենթադրել: Բայց ակնհայտ է, որ նավն իր վրա մեծ ուշադրություն է գրավելու», – նշում է Ռոբերտ Ֆրենկը:
Աբրամովիչի «Eclips»-ը ունի 170 մետր երկարություն, մոտ 30 սենյակ, 2 լողավազան, ուղղաթիռի վայրէջքի հրապարակներ: Այն կահավորված է ոչ մեծ սուզանավով եւ հակահրթիռային համակարգով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ