Կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովիկ Սարկավագյանն արգելում է Պարույր Հայրիկյանի մասին որեւէ տեղեկություն հայտնել
Ավելի վաղ Aravot.am-ը տեղեկություն էր ստացել, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունն անցած գիշեր այնքան էլ լավ չի եղել: Մեր հարցին ի պատասխան՝ Հայրիկյանի շտաբից հորդորեցին դիմել թեկնածուի բժիշկներին:
Ներկայումս Պարույր Հայրիկյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքի բժիշկների հսկողության տակ: Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում պարոն Հայրիկյանը,կրծքային վիրաբուժության բաժանմունքից կտրականապես հրաժարվեցին որեւէ տեղեկություն հայտնել` ասելով, որ բաժանմունքի ղեկավար Հովիկ Սարկավագյանն արգելում է այդ մասին խոսել: Մեր այն դիտարկմանը, թե խոսքը հասարակական հետաքրքրություն ներկայացնող անձի` ՀՀ նախագահի թեկնածուի մասին է եւ մենք ամենեւին չենք ցանկանում, որպեսզի Պարույր Հայրիկյանի մասին բժշկական գաղտնիք հրապարակվի, այլ պարզապես նրա որպիսությունն ենք հարցնում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից կրկին հրաժարվեցին որեւէ բան ասել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ