Խարբերդի թիվ 16/41 ընտրատեղամասում ահազանգ կար, որ զանգվածային լցոնումներ են կատարվում: Երբ մենք այդ ընտրատեղամասի մոտ էինք, տարածքում իսկական խառնաշփոթ էր. BMW մակնիշի 77 DD 777 պետհամարանիշի մեքենայի շուրջ մոտ երկու տասնյակ մարդիկ էին հավաքվել: Տարածքում մոտ 15 ավտոմեքենա էր, այդ թվում՝ ոստիկանական:
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կորյուն Կակոյանը վստահեցրեց, որ ամեն ինչ նորմալ է, շուրջ 1700 ընտրողից ժամը 12-ի դրությամբ 500-ն արդեն ընտրել էին:
Հանձնաժողովի նախագահը վստահեցնում էր, որ իրենց թանաքները հնարավոր չի անցնի: Ուստի Aravot.am-ը ընտրատեղամասում հենց նոր քվեարկած մի ընտրողի անձնագիրը հանձնաժողովի նախագահի մոտ փորձարկման ենթարկեց եւ մի քանի րոպեից թաց անձեռոցիկով այն անցավ: Հանձնաժողովի նախագահը մի բան էլ նեղվեց, թե մեր ընտրողներին թազա բան եք սովորեցնում:
Մեր ներկայության պահին քվեախցիկ էին մտնում երկու հոգով՝ ասելով, թե տատիկ է, օգնության կարիք ունի: Իսկ մի մարդ էլ քվեարկելուց հետո եկավ հանձնաժողովի նախագահին կանչեց, թե չեմ իմացել, քվեաթերթիկս գցել եմ քվեախցի արանքը՝ ծրարով հանդերձ: Հանձնաժողովի նախագահը մոտեցավ, որ վերցնի, սակայն լրագրողների միջամտությունից հետո, որ թող մարդը ինչպես գցել է, իր քվեաթերթիկն անձամբ վերցնի, նոր հետ քաշվեց: Այնուամենայնիվ, 60-ամյա այդ ընտրողը քվեախցից դուրս գալով եւ քվեաթերթիկը ցուցադրական ներկայացնելով՝ բոլորի աչքի առաջ այն դրեց ծրարի մեջ եւ ծիծաղելով հեռացավ:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ առաջին անգա՞մ էիք մասնակցում ընտրության, չգիտեի՞ք քվեաթերթիկն ուր գցել՝ մարդը վստահեցրեց, որ այո, առաջին անգամ է ընտրում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ